Այսօր չինական Շենժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) 33-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա համաշխարհային դիվանագիտության համար աննախադեպ իրադարձություն. պատմության մեջ առաջին անգամ բանակցությունների մեկ սեղանի շուրջ կհավաքվեն միանգամից երեք համաշխարհային տերությունների առաջնորդները՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գագաթաժողովի մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Ըստ պաշտոնական արարողակարգի՝ Kylin Villa նստավայրում օրվա դիվանագիտական ծրագիրը կմեկնարկի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպմամբ (տեղական ժամանակով՝ 12:45-ին), իսկ 14:30-ին նրանց կմիանա Վլադիմիր Պուտինը՝ պատմական եռակողմ գագաթնաժողովն անցկացնելու համար։ Համաժողովի շրջանակում նախատեսված են նաև առանձին երկկողմ շփումներ։
Առաջնորդները ՉԺՀ հարավային տեխնոլոգիական մեգապոլիս են ժամանել նախօրեին։ Վլադիմիր Պուտինը Շենժեն է ժամանել նոյեմբերի 17-ի երեկոյան և արդեն հասցրել է բանակցություններ անցկացնել Սի Ծինփինի հետ։ Իսկ նոյեմբերի 18-ին ժամանած Դոնալդ Թրամփին Չինաստանի նախագահը, խախտելով դիվանագիտական արարողակարգը, անձամբ է դիմավորել օդանավակայանում։ Թրամփը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որին Սի Ծինփինի նախագահության ողջ ընթացքում նման ընդունելություն է ցուցաբերվել։ Դա պատասխան ժեստ էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը սեպտեմբերին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ անձամբ էր դիմավորել ՉԺՀ նախագահին Էնդրյուս ավիաբազայում՝ ինքնաթիռի մոտ։
Առաջնորդները ՉԺՀ-ի հարավային տեխնոլոգիական մեգապոլիս են ժամանել նախօրեին. Վլադիմիր Պուտինը Շենժեն է ժամանել նոյեմբերի 17-ի երեկոյան (և արդեն հասցրել է բանակցություններ անցկացնել Սի Ծինփինի հետ), իսկ Դոնալդ Թրամփը Չինաստան է ժամանել նոյեմբերի 18-ին՝ Ֆիլիպիններում ԱՍԵԱՆ-ի համաժողովին մասնակցելուց հետո։
Ակնկալվում է, որ այսօրվա բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման հարցերը, Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները, Մերձավոր Արևելքում լարվածության թուլացումը և Իրանի շուրջ իրավիճակը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերություններն ու արհեստական բանականության ոլորտի կարգավորումը։
Հատկանշական է, որ մինչ օրս այս «եռյակի» առաջնորդները շփվել են բացառապես երկկողմ ձևաչափերով, թեև վերջին մեկ տարում նրանց դիվանագիտական օրակարգը չափազանց հագեցած է եղել.
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը 2025 թվականի օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղակայված Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում անցկացրել են նշանակալի գագաթնաժողով, որի առանցքային թեման ուկրաինական հակամարտության կարգավորումն էր։
Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը պարբերաբար ճշգրտում են իրենց դիրքորոշումները. 2025 թվականի մայիսին Չինաստանի առաջնորդի՝ Մոսկվա կատարած այցից և 2026 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահի՝ Պեկին կատարած պատասխան այցից հետո առաջնորդները նոյեմբերի 18-ին Շենչժենում արդեն լիարժեք ձևաչափով բանակցություններ են անցկացրել։
Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը վերջին մեկ տարում մի շարք հանդիպումներ են անցկացրել մաքսատուրքերի հարցում հրադադարի ֆոնին. 2025 թվականի աշնանը Հարավային Կորեայում անցկացված բանակցություններից հետո ԱՄՆ առաջնորդն այցելել է Պեկին, իսկ ՉԺՀ նախագահը պատասխան այց է կատարել Վաշինգտոն։
Ներկայիս գագաթնաժողովն անցկացվում է միջազգային խիստ անկայունության և Վաշինգտոնի համար բարդ ներքաղաքական իրավիճակի պայմաններում՝ ԱՄՆ Կոնգրեսի վերջին միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունից հետո։ Համաշխարհային առաջատար պարբերականներն ու վերլուծաբանները Շենժենում սպասվող հանդիպումն արդեն անվանել են «երկրորդ Յալթա»՝ նշելով, որ դրա արդյունքները կարող են սահմանել առաջիկա տարիների համաշխարհային անվտանգության և համաշխարհային առևտրի ուրվագծերը։
Դիանա Առուշանյան, Շենժեն





























