Կանացի մարմնի պակաս ընդգծված կորություններին և կոնքերի համեմատ նեղ գոտկատեղին նախապատվություն տալը ձևավորվել է ամսագրերի, կինոյի և սոցիալական ցանցերի ի հայտ գալուց շատ առաջ։ Այս եզրակացությանն են հանգել Proceedings of the Royal Society B: Biological Sciences գիտական հանդեսում հրապարակված հետազոտության հեղինակները։ Նրանք վերլուծել են ունևոր կանանց ավելի քան 600 դիմանկար, որոնք ստեղծվել են 1650-1950 թվականներին։

Հետազոտությունն իրականացրել է գիտնականների խումբը՝ բրիտանական Նորթումբրիայի համալսարանից Ժաննա Բովեի ղեկավարությամբ։ Ընդհանուր առմամբ ավելի քան 1500 մասնակից գնահատել է 486 կտավներում պատկերված կանանց։ Ոմանք որոշել են նրանց մարմնակազմության առանձնահատկությունները, մյուսները գնահատել են գրավչությունը և ենթադրել՝ արդյոք պատկերված կանայք նախկինում ծննդաբերել են, իսկ երրորդները դեմքի գծերով գնահատել են նրանց տարիքը։

Կազմվածքի առանձնահատկությունները որոշելու համար մասնակիցները պատկերները համեմատել են ինը ուրվապատկերի հետ, որոնք տարբերվել են քաշով և գոտկատեղի ու կոնքերի հարաբերակցությամբ, և ընտրել ամենահամապատասխան տարբերակը։ Այնուհետև հետազոտողները հետևել են, թե ինչպես են գնահատականները փոխվել երեք դարի ընթացքում՝ հաշվի առնելով պատկերված կանանց ենթադրյալ տարիքն ու քաշը։

Արդյունքները ցույց են տվել, որ ավելի ուշ շրջանի դիմանկարներում կանայք ավելի հաճախ պատկերվել են պակաս ընդգծված կորություններով և գոտկատեղի ու կոնքերի միջև ոչ այնքան նկատելի տարբերությամբ։ Այս միտումը պահպանվել է նաև, երբ գիտնականները հաշվի են առել բնորդուհիների տարիքն ու ենթադրյալ քաշը։

Միաժամանակ մասնակիցներն ավելի ուշ շրջանի դիմանկարներում կանանց մարմինները գնահատել են որպես պակաս գրավիչ, սակայն դա մեծապես բացատրվել է նրանով, որ բնորդուհիներն ավելի տարեց են երևացել։ Ուսումնասիրված երեք դարի ընթացքում գիտնականները ընկալվող քաշի էական փոփոխություններ չեն հայտնաբերել։ Այսպիսով, պակաս ընդգծված կորությունները պարտադիր չէին նշանակում, որ կանանց սկսել են ավելի նիհար պատկերել։

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը հնարավորություն չի տալիս դատելու, թե ինչպես են փոխվել կանանց իրական մարմինները։ Գիտնականներն ուսումնասիրել են հենց նրանց պատկերները, որոնց վրա կարող էին ազդել հագուստը, դիրքերը, գեղարվեստական հնարքներն ու տվյալ դարաշրջանի գեղագիտական պատկերացումները։

«Մենք ձգտում ենք որսալ այն մշակութային ազդակը, որը ստանում է դիտողը՝ անկախ դրա ստեղծման համար օգտագործված միջոցներից՝ լինեն դրանք հագուստի շերտեր, կորսետներ, թե գեղարվեստական մտահղացում»,- պարզաբանում են հետազոտողները։

Հեղինակների կարծիքով՝ այս մոտեցումը կարելի է կիրառել նաև գեղագիտական նախասիրությունների այլ պատմական փոփոխություններն ուսումնասիրելու համար։ Արվեստի ստեղծագործությունների վերլուծությունը հնարավորություն է տալիս քանակապես գնահատելու, թե ինչպես են հասարակություններում փոխվել գրավչության մասին պատկերացումները ժամանակակից զանգվածային լրատվամիջոցների ի հայտ գալուց շատ առաջ։