Կորեա-մոնղոլական համատեղ հնագիտական արշավախումբն ավարտել է Մոնղոլիայի տարածքում հոննուների հայտնի ամենամեծ դամբարանի պեղումները, գրում է Ancient Origins պորտալը։
Հոննուները քոչվոր ժողովուրդ էին, որ Կենտրոնական Ասիայում ստեղծել էին հզոր տերություն՝ գոյություն ունենալով մ.թ.ա. III դարից մինչև մ.թ. II դարը։ Նրանց տիրույթներն ընդգրկում էին ներկայիս Մոնղոլիայի և հարակից շրջանների ընդարձակ տարածքները։ Հոննուները առևտրային և դիվանագիտական հարաբերություններ էին պահպանում հարևան պետությունների, մասնավորապես՝ Չինաստանի հետ։

Հայտնաբերված 413 հնագիտական առարկաների թվում է բռնակով թափանցիկ ապակե գավաթը, որը, ենթադրաբար, պատրաստվել է Հռոմեական կայսրության տարածքում։ Գտածոն կարող է վկայել հին քոչվորների և Եվրոպայից մինչև Կորեական թերակղզի ընկած տարածքներում բնակված ժողովուրդների միջև առևտրային ու դիվանագիտական լայն կապերի գոյության մասին։
Թիվ 160 դամբարանը Մոնղոլիայի արևելքում է՝ Խենթի նահանգի Դուուրլիգ Նարս գերեզմանատանը։ Դամբարանադաշտն ընդգրկում է մոտ 300 թաղում և համարվում է տարածաշրջանում հոննուների դամբարանների ամենամեծ կուտակումներից մեկը։ Հետազոտություններն իրականացրել են Կորեայի ազգային թանգարանը, Մոնղոլիայի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտը և Մոնղոլիայի ազգային թանգարանը։

Հարավային միջանցքի հետ միասին դամբարանի երկարությունը մոտ 73 մ է։ Դրա կառուցումը մեծածավալ հողային աշխատանքներ է պահանջել. շինարարները փոս են փորել և այն լցրել քարերի ինը շերտով։ Կենտրոնում փայտե թաղման խուցն էր՝ միմյանց մեջ դրված երեք դագաղով։ Խցի վերևում հնագետները հայտնաբերել են լաքապատ կառք՝ հանգուցյալի բարձր դիրքի ևս մեկ վկայություն։
Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունն է գրավել բռնակով ապակե գավաթը, որը հնարավոր է՝ հռոմեական ծագում ունի։ Առայժմ դրա պատրաստման վայրը պարզված չէ։ Գիտնականները նախատեսում են ուսումնասիրել ապակու քիմիական բաղադրությունը՝ այս վարկածը ստուգելու համար։ Ավելի վաղ նույն գերեզմանատանը հայտնաբերվել են հռոմեական ապակե սպասք, հունական աստվածությունների պատկերներով արծաթե զարդեր և չինական լաքապատ իրեր։
Մյուս գտածոները նույնպես վկայում են հոննուների մշակութային լայն շփումների մասին։ Դագաղի հատակին դրված էր նեֆրիտե 15 իր՝ պատրաստված Հան դարաշրջանի չինական թաղման «բի» սկավառակների օրինակով, սակայն դրանց ձևն ու բարդ փորագրությունը տարբերվում էին չինական ավանդական նմուշներից։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ հոննուները փոխառել են հարևանների թաղման ծեսերի տարրերը՝ դրանք հարմարեցնելով սեփական մշակույթին։
Հնագետները նաև հայտնաբերել են ձիասարքի կախազարդ՝ պատրաստված արծաթի բարակ թիթեղից, կենտրոնում՝ բյուրեղով։ Այն հիշեցնում է ներկայիս Փհենյանի շրջանում գտնված հին Լելան վարչական շրջանի թաղումներից հայտնաբերված զարդերը։ Բացի դրանից, հոննուների հայտնի թաղումների մեջ առաջին անգամ այս դամբարանում հայտնաբերվել է բյուրեղով կլոր ոսկե զարդ, որի բյուրեղի տակ եղել են ոսկե փայլաթիթեղ և կարմիր ու կապույտ նյութեր։
Կորեայի ազգային թանգարանի գնահատմամբ՝ գտածոները վկայում են, որ մոտ երկու հազար տարի առաջ հոննուները կապված էին փոխանակման ընդարձակ ցանցի հետ, որն ընդգրկում էր Հռոմեական կայսրությունից մինչև Կորեական թերակղզի ընկած տարածքները։ Սակայն առարկաների տեղափոխման ճշգրիտ ուղիներն անհայտ են. դրանք կարող էին քոչվորներին հասնել առևտրի, դիվանագիտական նվերների կամ այլ ժողովուրդների միջնորդության շնորհիվ։
Դամբարանը թվագրվում է մ.թ. I դարի վերջով–II դարով՝ հոննուների տերության աստիճանական թուլացման ժամանակաշրջանով։ Միաժամանակ կենտրոնական թաղման խուցն անսպասելիորեն փոքր ու ոչ խորն է եղել. դրա հատակը մոտ 14,5 մ խորությամբ էր, մինչդեռ կենտրոնական Մոնղոլիայի որոշ համադրելի դամբարաններում այդ ցուցանիշը հասնում է 22 մ-ի։ Գիտնականները ենթադրում են, որ կառույցի առանձնահատկությունները կարող են արտացոլել հոննուների հասարակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները, սակայն այս վարկածը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ։
Հանգուցյալի ինքնությունն առայժմ պարզված չէ։ Դամբարանում հայտնաբերվել են ատամներ և մազեր, որոնք նախատեսվում է ուսումնասիրել ԴՆԹ անալիզի միջոցով։ Արդյունքները կարող են օգնել որոշելու մարդու սեռն ու տարիքը, ինչպես նաև պարզելու նրա ազգակցական կապերը հարևան թաղումներում հուղարկավորված մարդկանց հետ։
Նախատեսվում է գտածոները մինչև տարեվերջ տեղափոխել Հարավային Կորեա՝ պահպանման աշխատանքների և գիտական ուսումնասիրության համար։ Պեղումների ամբողջական զեկույցը կհրապարակվի ավելի ուշ։
2026 թվականի հուլիսին Դուուրլիգ Նարս գերեզմանատունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հոննու ազնվականների թաղման համալիրներ» համալիրի կազմում։




























