Հարավային Չինաստանում հայտնաբերվել են վկայություններ նրա մասին, որ Homo erectus-ը կարող էր արևադարձային անտառներում բնակվել շատ ավելի ուշ, քան նախկինում ենթադրվում էր, և, հնարավոր է, համակեցել դենիսովյան մարդկանց հետ։ Նման եզրակացության են հանգել Nature հանդեսում հրապարակված երկու հետազոտությունների հեղինակները։

Գտածոները նաև վկայում են, որ Homo erectus-ն ունակ էր հարմարվելու շրջակա միջավայրի բազմազան պայմաններին։

Հետազոտողներն ուսումնասիրել են Չինաստանի Գուանսի նահանգի երկու քարանձավներում հայտնաբերված մարդկային ինը քարացած ատամ։ Դրանցից ութը պատկանել են Homo erectus-ին, իսկ իններորդի ծագումն առայժմ առեղծված է մնում։ Գտածոների տարիքը մոտավորապես 184–324 հազար տարի է։ Մինչ այժմ չկային ֆիզիկական վկայություններ այն մասին, որ Homo erectus-ը մայրցամաքային Ասիայում գոյություն է ունեցել 400 հազար տարի առաջվանից ավելի ուշ ժամանակաշրջանում, թեև ինդոնեզական Ճավա կղզում նրա մնացորդները թվագրվում են մոտ 108 հազար տարի առաջվա ժամանակաշրջանով։

Ատամների պատկանելությունը որոշելու համար գիտնականներն ուսումնասիրել են դրանց ձևաբանական առանձնահատկություններն ու հնագույն սպիտակուցները, որոնք ԴՆԹ-ից ավելի լավ են պահպանվում։ Սպիտակուցային վերլուծությունը հաստատել է, որ ուսումնասիրված չորս նմուշները պատկանում են Homo erectus-ին։ Միաժամանակ սպիտակուցային կազմի որոշ առանձնահատկություններ տարբերվում են Չինաստանում նախկինում հայտնաբերված այս տեսակի մնացորդներից, ինչը կարող է վկայել առանձին պոպուլյացիայի գոյության մասին։

Հինգերորդ ատամը, որը պատկանել է տղամարդու, Homo erectus-ին բնորոշ սպիտակուցային հատկանիշներ չի ցուցաբերել։ Գիտնականները չեն բացառում, որ այն պատկանել է հնագույն մարդկանց մեկ այլ տեսակի՝ հնարավոր է՝ դենիսովյան մարդկանց։ Homo ցեղի այս ներկայացուցիչներն ապրել են Ասիայում և, ժամանակակից պատկերացումների համաձայն, կարող էին պահպանված լինել մինչև մոտ 30 հազար տարի առաջ։ Սակայն վերջնական նույնականացման համար անհրաժեշտ են լրացուցիչ գտածոներ և համեմատական հետազոտություններ։

«Սա նշանակում է, որ արևադարձային անտառի միևնույն պայմաններում միաժամանակ կարող էին բնակվել հնագույն մարդկանց երկու պոպուլյացիաներ»,- նշել է հետազոտություններից մեկի առաջին հեղինակ, Կոպենհագենի համալսարանի մոլեկուլային հնէամարդաբան Ֆրիդո Վելկերը։

Երկրորդ աշխատանքը նվիրված էր հնագույն մարդկանց սննդակարգին և նրանց բնակության միջավայրի առանձնահատկություններին։ Հետազոտողներն ուսումնասիրել են նույն քարանձավներում հայտնաբերված մարդկանց և կենդանիների ատամներում առկա միկրոտարրերը։

Արդյունքները ցույց են տվել, որ Homo erectus-ը կարող էր արևադարձային անտառների պայմաններում սնվել բուսական և կենդանական սննդով։ Նախկինում համարվում էր, որ նման միջավայրին կարողացել է հարմարվել առաջին հերթին Homo sapiens-ը։

«Բաց նոսր անտառներով և մարգագետիններով սահմանափակվելու փոխարեն՝ Homo erectus-ը շրջակա միջավայրին հարմարվելու շատ ավելի մեծ կարողություն է դրսևորել, քան մեզանից շատերը ենթադրում էին»,- հայտարարել է հետազոտություններին չմասնակցած՝ Լոնդոնի Բնական պատմության թանգարանի հնէամարդաբան Քրիս Սթրինգերը։

Ատամներում ստրոնցիումի պարունակության վերլուծությունը նաև թույլ է տվել ենթադրել, որ հնագույն մարդիկ տեղաշարժվել են զգալի հեռավորությունների վրա։ Հյուսվածքներում այս տարրի հարաբերակցությունն արտացոլում է այն ջրի և սննդի առանձնահատկությունները, որոնք մարդն օգտագործել է մանկության տարիներին։

Ստացված տվյալները համապատասխանել են Վիետնամի հյուսիսում՝ Կարմիր գետի հովտում գտնվող կարստային շրջանի ցուցանիշներին՝ գտածոների հայտնաբերման վայրից մոտ 320 կմ հեռավորության վրա։

Դա վկայում է Հարավարևելյան Ասիայի ընդարձակ տարածքներով Homo erectus-ի հնարավոր տեղաշարժերի մասին։

Գիտնականները նաև ենթադրում են, որ Homo erectus-ը և դենիսովյան մարդիկ կարող էին սերտ շփումներ ունենալ և խաչասերվել։ Սակայն բաց է մնում այն հարցը, թե արդյոք առնվազն 45 հազար տարի առաջ այս տարածաշրջանում հայտնված ժամանակակից մարդիկ հանդիպել են Homo erectus-ի ուշ շրջանի պոպուլյացիաներին։

Ըստ Մեդիսոնում Վիսկոնսինի համալսարանի մարդաբան Ջոն Հոքսի՝ Հարավարևելյան Ասիայի կղզային հատվածի ներկայիս բնակիչների մոտ դենիսովյան ԴՆԹ-ի առկայությունը վկայում է, որ Homo sapiens-ը ինչ-որ պահի շփվել է դենիսովյան մարդկանց հետ։

Եթե Homo erectus-ը նույնպես պահպանված է եղել տարածաշրջանում, չի կարելի բացառել, որ ժամանակակից մարդիկ հանդիպել են նաև նրան։