Նոյեմբերի 19-ին կայացավ Հայ Գործարարների Ասոցիացիայի նախաձեռնած «Նվիրիր Հայկականը» կատալոգի պաշտոնական շնորհանդեսը։

Նախաձեռնությունը մեկ հարկի տակ է համախմբել հայկական արտադրողներին՝ նպատակ ունենալով ոչ միայն ներկայացնել նրանց արտադրանքը, այլև փոխել հայկականի նկատմամբ սպառողական վերաբերմունքը՝ այն դարձնելով նախընտրելի նվեր թե՛ անհատական, թե՛ կորպորատիվ առիթների համար։

Նախագծի շրջանակում ստեղծվել է տպագիր և առցանց կատալոգ, որտեղ ներկայացված են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ավելի քան 50 հայկական ապրանքանիշեր։ Այն հնարավորություն է տալիս բացահայտել հայկական արտադրանքի ամբողջ տեսականին և հեշտությամբ գտնել տարբեր առիթներին համապատասխան նվերներ։

Կատալոգը հասանելի է լինելու նաև առևտրի և բիզնես կենտրոններում՝ հայկական արտադրանքն ավելի լայն հանրությանը ներկայացնելու և հնարավոր գնորդների համար դրա ընտրությունը հասանելի դարձնելու նպատակով։

Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանի խոսքով՝ կազմակերպության գործունեության առանցքում տարիներ շարունակ եղել է հայ գործարարներին համախմբելու և Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակը։

/

«Հայ Գործարարների Ասոցիացիան յոթ տարի առաջ ստեղծվել է շատ կարևոր մի նպատակով՝ լինել հայ գործարարների կողքին և աջակցել աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայ գործարարներին, որ նրանք իրենց ներդրումն ունենան Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ղումաշյանը։

Նա հավելեց, որ այս տարիների ընթացքում ասոցիացիան համախմբել է շուրջ 3500 գործարարների, որոնք արարում և ստեղծում են՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ։

«Հայաստանի լոգիստիկ պայմանները, հումքի ներմուծման հետ կապված խնդիրները և այլ մարտահրավերներ չեն խոչընդոտում նրանց շարունակել իրենց գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման։

Մենք՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, ստեղծվել ենք 2019 թվականին՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։ Մեզ և պարոն Կարապետյանի համար շատ կարևոր է, որ հայ գործարարն իր երկրում չբախվի խոչընդոտների։ «Նվիրիր Հայկականը» նախաձեռնությունն այդ գաղափարի վառ օրինակներից է»,-ասաց նա։

Ասոցիացիայի նոր նախաձեռնությունը համախմբել է այն հայ արտադրողներին, որոնք պատրաստ են ներկայանալ այս կատալոգում. «Մենք, իհարկե, աջակցելու ենք նաև նրանց՝ Հայաստանի սահմաններից դուրս ներկայանալուն։ Մեր նպատակն է, որ հայկական արտադրանքը, նախևառաջ, հայերի համար դառնա ցանկալի նվեր»,-ընդգծեց Գոհար Ղումաշյանը։

Նախաձեռնության գաղափարի հեղինակը Անուշիկ Շահբազյանն է։ Նրա խոսքով՝ սա երկար սպասված նախագիծ է, որի գլխավոր նպատակը հայկական արտադրողների աշխատանքը լայն հանրությանը ճանաչելի դարձնելն ու հայրենական արտադրանքի նկատմամբ վստահությունն ամրապնդելն է։

«Մենք երկար ենք սպասել այս ամենին, քանի որ մեզ համար շատ կարևոր է հայ արտադրողներին ավելի մեծ ճանաչելիություն տալը։ Երբեմն թվում է, թե այն, ինչ հեռվից է գալիս կամ արտադրվում է օտար երկրում, ավելի լավն է, մինչդեռ հայկական արտադրանքն իրականում կարող է ապահովել նույն որակը, ինչ միջազգային ապրանքանիշերը։ Եվ, իհարկե, կա նաև մեկ կարևոր հանգամանք. դա մերն է։

Մենք ցանկանում ենք զարգացնել նաև հայկականը նվիրելու մշակույթը։ Շատ ուրախ ենք, որ այսօր կարողացել ենք համախմբել ավելի քան 54 ընկերության։ Բացի այդ, մեզ են միացել ևս 45 ընկերություններ, որոնք կներկայացվեն հաջորդ կատալոգում։ Այսպիսով՝ առաջիկա հրատարակության մեջ նախատեսում ենք ընդգրկել շուրջ 120 ընկերություն։

Նախագծի հետագա զարգացման ընթացքում շարունակելու ենք աջակցել հայկական արտադրողներին և տարբեր առիթներով առաջ մղել հայկականը»,- ընդգծեց Անուշիկ Շահբազյանը։

Միջոցառման ավարտին շնորհանդեսի հյուրերին տրամադրվեցին կատալոգի տպագիր օրինակները՝ հնարավորություն տալով տեղում ծանոթանալու ներկայացված ապրանքանիշերին և նրանց առաջարկներին։

«Հայկականը նվիրելու մշակույթը սկսվում է քեզնից»․ սա է «Նվիրիր Հայկականը» նախաձեռնության գլխավոր ուղերձը։