Հնագետները հռոմեական դարաշրջանի մի քանի արժեքավոր արտեֆակտներ են հայտնաբերել Անգլիայի հյուսիսում՝ Նորթումբերլենդ կոմսության Ռեդեսդեյլ բնակավայրում իրականացված պեղումների ժամանակ, գրում է Phys.org-ը։

Գտածոների թվում են ոսկե շղթայի հատված, ոսկեզօծ զարդարանքով ռազմական հանդերձանքի դետալ, լատիներեն գրությամբ կապարե թիթեղ և հռոմեական գերագույն աստված Յուպիտերի պատկերով փորագրված սարդիոն քար։

2026 թվականի ամռանն անցկացված պեղումները համախմբել էին 52 առաջին կուրսեցի հնագետի, որոնք աշխատում էին երկու խմբով՝ երկուական շաբաթ։ Հետազոտությանը մասնակցել են նաև Ռեդեսդեյլի հնագիտական խմբի կամավորները։ Աշխատանքներն իրականացվել են Հռոմեական կայսրության հյուսիսային սահմանի կառույցները, արհեստներն ու առօրյա կյանքն ուսումնասիրող նախագծի շրջանակներում։

Ամենատպավորիչ գտածոներից մեկն ուսանողուհի Էլիզ Զալլուն արել է պեղումների հենց առաջին օրը։ Նա հայտնաբերել է մոտ 7 սմ երկարությամբ ոսկե շղթայի հատված, որն այնքան լավ է պահպանվել, որ եթե զարդն ամբողջական լիներ, այն կարելի կլիներ կրել նույնիսկ այսօր։

Շղթան պատրաստված է «օղակ-օղակի մեջ» հյուսվածքի բարդ տեխնիկայով. առանձին ոսկե օղակները ծռել են ութանման ձևով, ապա միացրել միմյանց։ Նման իրերը սովորաբար պատրաստվում էին բարձր հարգի ոսկուց։ Դրանք կարող էին ծառայել որպես թանկարժեք զարդեր, դեկորատիվ ռազմական համայիլներ կամ բարձրաստիճան սպաների և նրանց ընտանիքի անդամների հանդերձանքի տարրեր։

«Ոսկե արտեֆակտ հայտնաբերելն իրադարձություն է, որը կարող է տեղի չունենալ հնագետի ամբողջ կարիերայի ընթացքում։ Այն, որ առաջին կուրսեցին պեղումների հենց առաջին օրը գտել է հիանալի պահպանված հռոմեական ոսկե շղթա, իսկապես զարմանալի է»,- նշել է Նյուքասլի համալսարանի պատմության, դասական հետազոտությունների և հնագիտության դպրոցի ներկայացուցիչ Էրիկ Տուրինյին։

Նույն օրը ուսանողուհի Շենոն Վուդը հայտնաբերել է լատիներեն գրության հետքերով ծալված կապարե թերթիկ։ Նախնական տվյալներով՝ հնագետները ենթադրում են, որ դա կարող էր լինել առևտրային կնիք՝ կապված ապրանքների տեղափոխման, հարկման կամ սեփականության հաստատման հետ։ Սակայն չի բացառվում, որ առարկան օգտագործվել է անձնական նամակի կամ որպես անեծքի տախտակիկ. հռոմեական աշխարհում նման գրությունները փորագրում էին բարակ կապարե թիթեղների վրա, որոնք այնուհետև ծալում էին։ Տեքստի հետագա ուսումնասիրությունը պետք է օգնի պարզելու գտածոյի նշանակությունը։

Պեղումների երկրորդ օրն ուսանողուհի Մեգան Փոթերը գտել է կիսալուսնաձև ռազմական հանդերձանքի դեկորատիվ դետալ, որը հայտնի է որպես հեծելազորային հանդերձանքի պելտաձև կախազարդ։ Բրոնզե իրը պահպանել է ոսկեզօծման հետքեր։ Նմանատիպ տարրերը կարող էին ամրացվել զինվորական գոտուն, ձիու լծասարքին կամ սրի պատյանին։ Դրանք կատարում էին դեկորատիվ գործառույթ և ցուցադրում էին տիրոջ կարգավիճակը։ Հետազոտողների կարծիքով՝ գտածոն կարող էր պատկանել հեծելազորի սպայի կամ այլ բարձրաստիճան զինվորականի։

Մյուս արտեֆակտների թվում են մետաղադրամներ, նիզակների ծայրակալներ, հագուստի դետալներ, խեցեղեն և կավե անոթների վրա արված գրաֆիտիի բազմաթիվ նմուշներ։ Սամոսյան խեցեղենի՝ հայտնի նաև որպես տեռա սիգիլատա (terra sigillata), լավ պահպանված բեկորներից մեկի վրա փորագրված է անուն, որը կարդացվում է որպես «MARTIN_» կամ «MARTIN[US]»։ Հավանաբար, դա Մարտինուս անունն է։ Սպասքի մի քանի այլ բեկորների վրա հանդիպում է նույն գրությունը, ինչը կարող է վկայել առարկաների՝ մեկ մարդու պատկանելու մասին։

Եվս մեկ կարևոր գտածո դաշտային սեզոնի վերջին օրերին արել են ուսանողուհիներ Մեյզի Ուոթմոուն և Զոի Յուիլը։ Նրանք հայտնաբերել են փորագրված սարդիոնե ինտալիո՝ թանկարժեք քար, որը տեղադրվում էր մատանու մեջ և օգտագործվում որպես անձնական կնիք։ Դրա փորագրված մակերեսը սեղմում էին տաք մոմին՝ փաստաթղթերը վավերացնելու և տիրոջ ինքնությունը հաստատելու համար։

Նարնջագույն քարին պատկերված է հռոմեական պանթեոնի գերագույն աստված Յուպիտերը. նա ձեռքում պահում է գայիսոն և Հաղթանակի աստվածուհու փոքրիկ արձանիկ, իսկ ոտքերի մոտ արծիվ է նստած։ Հռոմեական մշակույթում Յուպիտերը մարմնավորում էր ռազմական իշխանությունը, կայսերական հզորությունը և աստվածային պաշտպանությունը։ Նրա պատկերը տարածված էր հռոմեական Բրիտանիայի զինվորների, պաշտոնյաների և ունևոր բնակիչների շրջանում։

Սա հուշարձանի տարածքում հայտնաբերված արդեն չորրորդ ինտալիոն է։ Երկուսը հայտնաբերվել են 2025 թվականի պեղումների ժամանակ, ևս մեկը գտնվել է 19-րդ դարում։

«Այս գտածոները հետաքրքիր են ոչ միայն իրենց որակով, այլև այն պատմություններով, որոնք դրանք պատմում են։ Ոսկե շղթան, քար-կնիքը, գրություններով խեցեղենը և հանդերձանքի զարդարված դետալը թույլ են տալիս ավելի լավ հասկանալ այն մարդկանց կյանքը, որոնց շնորհիվ այս վայրը գործել է գրեթե երկու հազար տարի առաջ»,- հայտարարել է պեղումների ղեկավար, Նյուքասլի համալսարանի հրավիրված գիտաշխատող Ռիչարդ Քարլթոնը։

Նյուքասլի համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները գործընկերների հետ միասին Ռեդեսդեյլում հետազոտություններ են անցկացնում 1990-ականների սկզբից։ Ներկայիս նախագիծը մեկնարկել է 2021 թվականին։ Հնագետներն ուսումնասիրում են երկու խոշոր ցանկապատված համալիրների մնացորդները, ներառյալ պաշտպանական կառույցները, ներքին շինությունները, ճանապարհները և արդյունաբերական գործունեության վկայությունները։

Հետազոտողները ձգտում են վերականգնել բնակավայրերի և տնտեսական ենթակառուցվածքների կառուցվածքը, որոնք ապահովում էին կյանքը կայսրության հյուսիսային սահմանին։ Բացի զինվորականներից, հնարավոր է՝ այստեղ աշխատել են նաև արհեստավորներ և առևտրականներ, եղել են մատակարարման պահեստներ, արհեստանոցներ և ընտանիքների կացարաններ։ Այս օբյեկտների ուսումնասիրությունն օգնում է հասկանալու, թե կայսրության ծայրամասում ինչպես են փոխգործակցել հռոմեացի զինվորները, տեղի բնակիչներն ու առևտրականները։