Թբիլիսիում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած մասնակի փլուզման հետևանքով վեց մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։

«Պոնիճալայում, որտեղ բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վեցերորդ զոհի մարմինը», — ասվում է հրապարակման մեջ։

Թամազաշվիլիի տվյալներով՝ հրշեջներն ու փրկարար ծառայությունները նաև հիվանդանոց են տեղափոխել հինգ տուժածի, որոնց թվում փոքր երեխա կա։ Նրա վիճակը մտահոգություն չի առաջացնում։ Միաժամանակ հիվանդանոց տեղափոխվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։