Բրազիլիայում բնակվող, սակայն սովորաբար քաղաքակրթության հետ կապի մեջ չմտնող ավա-գուաժա ցեղի ներկայացուցիչները սովի պատճառով առաջին անգամ 30 հոգանոց խմբով դուրս են եկել գյուղական համայնքի բնակիչների մոտ, գրել է The Washington Post (WP) թերթը։ Գլոբալ տաքացումը և անտառահատումները փոխում են Բրազիլիայի բնիկների կենսակերպը և կարող են նրանց զրկել ապրուստի միջոցներից, նշել է WP-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ այս շաբաթ Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Մարանյան նահանգի տարածքում բնակվող ավա-գուաժա ցեղի բնիկները դիտարկումների ողջ ընթացքում առաջին անգամ 30 հոգանոց խմբով, այդ թվում՝ երեխաների հետ, դուրս են եկել տեղի գուաժաժարա համայնքի բնակիչների մոտ՝ սնունդ խնդրելու։ Ուտելուց հետո ավա-գուաժայի ներկայացուցիչները վերադարձել են անտառ։

Թերթը նշել է, որ ցեղի ներկայացուցիչները նախկինում էլ են շփվել Մարանյանի տեղաբնակների հետ, սակայն ոչ այդքան մեծ թվով։ Վերջին տարիներին այն տարածքում, որտեղ բնակվում է ավա-գուաժա ցեղը, ապօրինի անտառահատումներ և որսագողություններ են կատարվում։ Անտառներում հրդեհների վտանգ ստեղծող գլոբալ տաքացման հետ մեկտեղ այս գործոնները քայքայում են ավա-գուաժայի սովորական կենսակերպը և նրանց մատնում սովի։