«Սևան» ազգային պարկի տարածքում իրականացվել է ոչ թե ծառահատում, այլ ծառերի սանիտարական էտ, և դա տեղի է ունեցել դեռ ամիսներ առաջ։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը» հրապարակմանը։

«Խոսքը դեռևս 1950–1960-ական թվականներին տնկված բարդիների մասին է, որոնց մի մասը գերհասուն է, թեքված, կորցրել է կենսունակությունը և վտանգ է ներկայացնում հանգստացողների ու տնտեսավարողների համար։

Տեղեկացնենք նաև, որ նախքան էտը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և մասնագիտական աշխատանքային խմբերի կողմից իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ, հաշվառման և գնահատման աշխատանքներ։

Ծառերի էտն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության սահմանած կարգով։ Էտից հետո ծառերը ձևավորում են նոր սաղարթ, ինչի արդյունքում բարձրանում է դրանց կենսունակությունը»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ։