Շրի Լանկայի իրավապահները 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի նոյեմբերը ձերբակալել են թմրանյութերի մաքսանենգության, իրացման և օգտագործման մեջ կասկածվող 324 780 մարդու, ինչը մոտ 10 տոկոսով ավելի է, քան նախորդ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով կղզեպետության ոստիկանության վարչությանը։
Թմրանյութերի տարածման դեմ պայքարի համազգային գործողության շրջանակում ուժայիններն այդ ժամանակահատվածում Շրի Լանկայի տարածքում իրականացրել են թմրանյութերի առևտուրն արմատախիլ անելուն ուղղված 325 616 ստուգայց։ Դրանց ընթացքում ոստիկանությունն առգրավել է գրեթե 3 տոննա հերոին, ավելի քան 4,6 տոննա այլ թմրամիջոցներ, դրանց պատրաստման համար օգտագործվող շուրջ 13 տոննա կանեփ, ինչպես նաև թմրանյութ պարունակող 4,5 մլն հաբ։
Ոստիկանության վիճակագրության համաձայն՝ Շրի Լանկայում ամեն օր ձերբակալվում է առնվազն 700 մարդ, որոնք մեղադրվում են թմրանյութերի օգտագործման և տարածման հետ կապված հանցագործությունների մեջ։ 2026 թվականի մարտին իշխանությունները մահապատիժ կամ ցմահ ազատազրկում են սահմանել բաց ծովում Շրի Լանկայի նավերում թմրանյութեր արտադրելու համար։ Օրենսդրության խստացումը պայմանավորված է նրանով, որ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը միջազգային ջրերում առգրավել էին հերոինի և մետամֆետամինի խոշոր խմբաքանակներ տեղափոխող նավեր։



























