ԱՄՆ-ում պետական լաբորատոր հետազոտություններում նախկինում ներգրավված 33 շիմպանզեներին կտեղափոխեն Լուիզիանա նահանգի հատուկ արգելավայր։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում կատարելով երկրի Առողջապահության ազգային ինստիտուտներին (NIH)։
«Մենք կարծում ենք, որ շիմպանզեները պետք է բնական կենսակերպ վարելու հնարավորություն ունենան՝ ճիշտ այնպես, ինչպես վայրի բնության մեջ. ծառեր մագլցեն, սնունդ փնտրեն, շփվեն իրենց ցեղակիցների հետ», — արգելավայրի նախագահ և գործադիր տնօրեն Ռանա Սմիթի խոսքերը մեջբերել է WP-ն։
Թերթի տվյալներով՝ նախատեսվում է կենդանիներին 2027 թվականին Տեխասի Քիլինգի անվան հետազոտական կենտրոնից տեղափոխել Քիթվիլի մերձակայքում գտնվող Chimp Haven բնական համալիր։ Արգելավայրն ընդգրկում է շուրջ 80 հա անտառապատ տարածք, որտեղ արդեն պահվում են NIH-ի խնամքի տակ գտնվող ավելի քան 250 պրիմատներ։
Ինչպես նշվել է նյութում, տեղափոխման որոշումը եզրափակել է ամերիկյան պետությանը պատկանող և գիտական նպատակներով օգտագործված վերջին շիմպանզեներին ազատելու բազմամյա ջանքերը։ Նախկինում այս մարդանման կապիկներին ներգրավում էին կենսաբժշկական փորձարկումներում, մասնավորապես՝ ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության ժամանակ։ Հետագայում ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են շիմպանզեների վրա ինվազիվ հետազոտություններ անցկացնելուց։
Նշվել է, որ Chimp Haven-ի աշխատակիցները նոր բնակիչների համար բազմազան զբաղմունքներ են պատրաստում։ Թաքցված համեղ պատառներ փնտրելուց բացի՝ կենդանիներին կառաջարկեն մտավոր խաղեր, ջութակի երաժշտություն լսել և նույնիսկ ֆիլմեր դիտել։ Սմիթի խոսքով՝ որոշ շիմպանզեներ հատկապես սիրում են հնդկական կինոն ու երաժշտական ֆիլմերը։





























