Արտահերթ ընտրությունների գնալու համար Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դե թող հրաժարականը ներկայացնի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Հրաժարականից հետո պետք է թեկնածուն երկու անգամ չընտրվի, որպեսզի ցրվի խորհրդարանը և գնան արտահերթ ընտրությունների։ Դա ևս հնարավորություն է ստեղծում ընդդիմադիր ուժերի համար։ Այդ ժամանակաընթացքում պետք է քննարկումներ տեղի ունենան և ճիշտ մտածված քայլեր ձեռնարկվեն։
Առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որից հետո պատուհան է բացվում բազմաթիվ հնարավորությունների համար»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ եթե ինքը դրժի հրաժարական տալու իր խոստումը, ընդդիմությունը կարող է հեղափոխություն անել, ինչպես իրենք են արել 2018–ին՝ Սերժ Սարգսյանի կողմից 3–րդ ժամկետով չառաջադրվելու խոստումը դրժելուց հետո,. Աննա Գրիգորյանն ասաց. «Հեղափոխություն անելու համար պարտադիր չէր, որ սպասեինք իր խոստման դրժմանը, որովհետեև մինչ այդ էլ բազմաթիվ իրադարձություններ տեղի են ունեցել, որոնք մեզ թույլ են տվել այո, դուրս գալ փողոց և պայքարել այս իշխանության դեմ։ Իր խոստման դրժումն այնքան անէական է լինելու իր արած աղետների ֆոնին։ 2018–ի իրավական համակարգը և 2026–ի իրավական համակարգը տարբեր են՝ ի վնաս Նիկոլ Փաշինյանի։ Այն ռեպրեսիաները, որ հիմա կան, 2018–ին չկային»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը առաջարկ է արել ընդդիմությանը՝ նշելով. «Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ամբողջ խմբակցությունը կարող է չքվեարկել: Եվ մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես՝ եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում:
Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրությունները հերթական կլինեն, թե արտահերթ՝ ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Սա բաց առաջարկ է, և ես ուզում եմ այն դիտարկել ընդդիմության տարբեր փաստարկների համատեքստում»։





























