Իտալիայում պետական բյուջեի նախագծի դեմ համազգային համընդհանուր գործադուլ է անցկացվում։ Այն հայտարարել է Իտալիայի աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGIL), որը Հռոմի կենտրոնում երթ է անցկացնում։ Երթի ավարտին ելույթ կունենա երկրի խոշորագույն արհմիության գլխավոր քարտուղար Մաուրիցիո Լանդինին, հաղորդել է Adnkronos գործակալությունը։ Իտալիայի տարբեր քաղաքներում նախատեսված են երթեր և ցույցեր։
Գործադուլի հիմնական պատճառը, որն ընդգրկում է տրանսպորտի ոլորտը, բժշկական և կրթական հաստատությունները, վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարության առաջարկած՝ հաջորդ տարվա բյուջեի դեմ բողոքն է։ Փաստաթղթում, որն առայժմ խորհրդարանում քննարկվում է փոփոխությունների ներկայացմամբ և պետք է ընդունվի մինչև տարեվերջ, զգալիորեն կրճատվել են սոցիալական ոլորտի, կրթության և առողջապահության ծախսերը։ Ցուցարարների հիմնական պահանջներից է նաև ռազմական ծախսերի ավելացման մերժումը։
Ակնկալվում է, որ գլխավոր երթին կմասնակցեն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Գործադուլին աջակցում են բազմաթիվ ասոցիացիաներ և արհմիութենական միավորումներ, ինչպես նաև ուսանողական խմբեր, որոնք վերջին ամիսներին բողոքի գործողություններ են իրականացնում։ Adnkronos-ը հայտնել է առնվազն 100 բողոքի ակցիայի մասին։ Բռնության դեպքերն ու անկարգությունները կանխելու համար անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվել։
Ի թիվս այլ պահանջների՝ իտալական հրապարակներում հանդես են գալիս «պատերազմի մշակույթի և տնտեսության», վերազինման, «ապագա սերնդի ոչնչացման», բնակչության աղքատացման և Ուկրաինա զենքի մատակարարումների դեմ, ինչպես նաև ի աջակցություն Պաղեստինի։





























