Բնական ռեսուրսների պաշտպանությունը պետության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Սևանա լիճը որպես Հայաստանի կարևորագույն ջրային էկոհամակարգ, պահանջում է առանձնահատուկ հոգածություն, քանի որ ցանկացած չհամակարգված քայլ կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ։
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ- ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում որսագողության դեպքերի կանխման և ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանն ուղղված հարցեր։
Գևորգ Զաքարյանը գումարտակին հանձնարարականներ է տվել՝ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը որսագողության դեմ պայքարի շրջանում ուժեղացված ծառայություն իրականացնելու և դրա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ։ Պարեկային ծառայության պետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, Սևան ազգային պարկի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության կարևորությունը։





























