Այսօր՝ նոյեմբերի 20–ին, դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել իր եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն ուղղված առաջարկին, որ եթե ընդդիմությունը կողմ լինի սահմանադրական հանրաքվեի անցկացմանը և ժողովուրդը դեմ քվեարկի, ապա ինքը մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա, Կարեն Կարապետյանն ասաց. «Ասա՝ ինքդ քո ուժերով հեռացի մեղքէ էս ժողովուրդը։ Երեխեք ունես, թող գնա։ Հասկանում ենք, որ էլ չես դիմանում։ Մենք շանս ենք տալիս՝ թող գնա, որ քեզ էլ չհիշենք»։

Լրագրողների այլ հարցերին ի պատասխան նա ասաց, որ հոգնել է քաղաքականությամբ զբաղվելուց, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները կգան և հարցերին կպատասխանեն։

«Ի դեպ, էն որ ասում էր՝ Կարեն Կարապետյանը ՀԷԿ ունի, մի հատ ճշտեք՝ ես ՀԷԿ ունեմ, թե չէ, որովհետև հանրությունը կարող է պատկերացնի, որ ես ՀԷԿ ունեմ՝ Նարեկի հայրը։ Չգիտեմ, ով ունի, բայց ես հաստատ չունեմ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանություններն իրենց մեղադրում է, որ նախկիններից են, Կարեն Կարապետյանն ասաց. «Մենք նախկիններից ենք, դրանք էլ մեր նախկինների ջահելներից են։ Կհասցնեք իրենց տերերին՝ կասեն, տերերի տեղն էլ գիտեք։ Ես որոշ ինֆորմացիաների տիրապետում եմ, բայց վաղեմության ժամկետը չի անցել, որ խոսեմ»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ–ի իշխանության տարիներին ինքը ՀՀԿ–ի ներսում ընդդիմություն էր, նա արձագանքեց. «Ես ընդիմադիր չէի, ես առողջ ուժ էի, իսկ ոչ առողջները բերեցին ՀՀԿ-ին այդ վիճակին։

Սերժ Սարգսյանին իմ առողջ ուժ լինելը դուր էր գալիս, ինքը երբեք ինձ չի ասել՝ ինչու ես խոսում։

Երբ լինում են բաներ, երբ որ չես ընդունում, տեսնում ես, որ քննարկումների ժամանակ ընկալելի չի շատ մարդկանց համար, ստիպված մտնում ես հրապարակային դաշտ։ Ինձ այդքան հետաքրքիր չէր, ով ոնց էր ընդունում, բայց կոնկրետ էս Սարգսյանը երբեք իմ հետ էդ թեմայով առանձնազրույցի չի ունեցել։

Ցանկացած թիմի ներսում էլ միշտ խնդիրներ են լինում պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուժերի հակասություններ են։ Պրոգրեսիվը ձգտում է փոփոխությունների, ռեգրեսիվին հարմար է այդ ձևը, ուզում է պահպանել այն, ինչ կա»։

Հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն ունի, թե ոչ, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Բարեկամական հարաբերություններ և ոչ ավելի։ Իր հետ չեմ խորհրդակցում, ես միայն իմ խղճի հետ եմ խորհրդակցել և այն ժամանակ, և հիմա։ Նույնը Նարեկ Կարապետյանը. ես անգամ չեմ փորձում իրեն խորհուրդ տալ։ Եթե հարց կտա, կպատասխանեմ, մնացածը իր խնդիրն է»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը առաջարկ է արել ընդդիմությանը՝ նշելով. «Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ամբողջ խմբակցությունը կարող է չքվեարկել: Եվ մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես՝ եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում:

Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրությունները հերթական կլինեն, թե արտահերթ՝ ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Սա բաց առաջարկ է, և ես ուզում եմ այն դիտարկել ընդդիմության տարբեր փաստարկների համատեքստում»։