Նոյեմբերի 13-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Մ․-ն, ով 2019 թվականից զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ ու վաճառքով, խաբեության զոհ է դարձել, հաղորդում է Shamshyan.com—ը։
Ըստ տեղեկությունների՝ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Քար պլանետ» ՍՊԸ-ում Հարություն Մ․-ն իր աշխատակցի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արթուր Ա․-ի և վերջինիս հոր՝ 57-ամյա Լյովա Ա․-ի ներկայությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ոմն «Ավանցի Վազգենի» հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ նշված ընկերության միջոցով Հարություն Մ․-ի անվամբ գնված 4 ավտոմեքենաները Հայաստան հասնելուն պես պետք է վերցնի Վազգենը՝ դրանք նախապես վճարում կատարած գնորդներին փոխանցելու նպատակով։
Հարություն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի համար 8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար փոխանցած պատվիրատուն այդպես էլ չի ստացել մեքենան։ Այսպիսով՝ չարաշահելով իր և գնորդի վստահությունը՝ խաբեությամբ տիրացել են նշված ավտոմեքենային։
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Վազգենը Երևանի բնակիչ 39-ամյա Վազգեն Ա․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Հարություն Մ․-ն «Քար պլանետ» ՍՊԸ-ի տնօրենն է։





























