Նոյեմբերի 20-ին Ուկրաինայի վրա ՌԴ զինված ուժերի հարձակման ժամանակ Լեհաստանի արևելքում ընկել են ռուսական երկու հրթիռ և ռեակտիվ անօդաչու թռչող սարք, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Իշխանությունների նախնական տվյալներով, որոնք մեջբերում է Rzeczpospolita-ն, թևավոր հրթիռներից մեկը՝ Х-101-ը, հայտնաբերվել է երկրի հարավ-արևելքում՝ Լյուբլինի վոյևոդության Նովի Լիպովեց գյուղի մոտակա դաշտում։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ նույն տեսակի երկրորդ հրթիռն ընկել է Ենթակարպատյան վոյևոդության Սանի Ռուդնիկ քաղաքի մոտակա անտառապատ տարածքում։ Անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնաբերվել են Մոլոդիչ գյուղի չմշակվող գյուղատնտեսական հողերում։

Երեք բնակավայրերն էլ գտնվում են Ուկրաինայի հետ սահմանից 45–90 կիլոմետր հեռավորության վրա։

Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ Վարշավան մարտական պատրաստության է բերել Patriot զենիթահրթիռային մարտկոցները և օդ է բարձրացրել կործանիչներ՝ Ժեշուվ-Յասենկա օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար։ Այդ օդանավակայանը Ուկրաինային տրամադրվող արևմտյան օգնության առանցքային լոգիստիկ հանգույցն է։

«Մենք գործ ունենք Ռուսաստանի հերթական սադրանքի հետ։ Ամսաթիվը, իմ կարծիքով, պատահական չէ։ Այսօր «Ցանկացողների կոալիցիան» զորավարժություններ է անցկացնում։ Ավելի քան մեկ տասնյակ երկրների զինվորականներ գտնվում են այն վայրերի մոտակայքում, որտեղ գործել են մեր ռազմաօդային ուժերը», — հայտարարել է նախարարը։ Նա հավելել է, որ ռուսական թռչող սարքերի ընկնելու վայրերում որևէ օբյեկտ չի վնասվել։

«Արդեն հիմա կարելի է ասել, որ ռուսական այս հարձակումը խոշորագույններից մեկն էր Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր։ Սա ապացուցում է, որ Ռուսաստանը կանգ չի առնում, այլ ընդլայնում է թույլատրելիի սահմանները», — ընդգծել է Կոսինյակ-Կամիշը։

Լեհ զինվորականները միաժամանակ գործ են ունեցել 11 օբյեկտի հետ, որոնք «Լեհաստանի օդային տարածք ներխուժելու անմիջական սպառնալիք» էին ներկայացնում, հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ղեկավար, գեներալ Իրենեուշ Նովակը։

Օդային սպառնալիքի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է նաև Լյուբլինի և Ժեշուվի օդանավակայանների աշխատանքը։