Արտասահմանյան լավագույն 50 բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման ծրագրի մասնակիցների՝ զորակոչից տարկետման տարիքային շեմը պետք է բարձրացնել մինչև 32 տարեկան։ Այս մասին նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ տարիքային շեմի առաջարկվող բարձրացումը գործող ծրագրի փոփոխություն է, ոչ թե արտասահմանյան բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման նոր նախաձեռնություն։

Ինչպես նշել է նախարարը, ծրագրի մեկնարկից հետո ի հայտ է եկել սահմանափակում, որը կարող է խոչընդոտել դրա լիարժեք իրականացմանը։ Մասնավորապես, խոսքը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար սահմանված վերին տարիքային շեմի մասին է։

«Այն դեպքերում, երբ խոսքը ասպիրանտուրայում, իսկ որոշ դեպքերում՝ նաև մագիստրատուրայում սովորող քաղաքացիների մասին է, գործող տարիքային շեմը կարող է նրանց համար խնդիր դառնալ ուսումն ավարտելուց հետո երեք տարի աշխատելու հնարավորության տեսանկյունից։ Փաստացի, այդ երեք տարվա ընթացքում լրանում է նրանց 27 տարին։ Սա նշանակում է, որ նրանք այլևս չեն կարող օգտվել տարկետման այս իրավունքից», - պարզաբանել է ԿԳՄՍ նախարարը։

Հենց այդ պատճառով, ինչպես նշել է Անդրեասյանը, օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը։ Ընդ որում՝ բացառապես քաղաքացիների այս խմբի համար։

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ավելի վաղ օրենքում արդեն կատարվել էին փոփոխություններ, որոնք աշխարհի առաջատար 50 համալսարաններում սովորող քաղաքացիներին հնարավորություն էին տվել ուսումն ավարտելուց հետո Հայաստանում աշխատանքի անցնել կառավարության սահմանած կարգով և պայմաններով։

Նախատեսվում էր, որ կառավարության սահմանած ոլորտներում երեք տարի աշխատելուց հետո այդ քաղաքացիների զինվորական պարտականությունը կհամարվի այլընտրանքային եղանակով կատարված՝ առանց սովորական կարգով և ձևաչափով զինվորական ծառայություն անցնելու անհրաժեշտության։

Կառավարությունը հաստատել է համապատասխան կարգը՝ սահմանելով յոթ առաջնահերթ ուղղություն, որոնցում կարող են աշխատել ծրագրի մասնակիցները։ Խոսքը պետական կառավարման, ներառյալ՝ գործադիր, օրենսդիր և դատական մարմինների, կրթական և գիտական հաստատությունների, ռազմարդյունաբերական համալիրի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի, արդյունաբերության, ներառյալ՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը, հանքարդյունաբերությունն ու էներգետիկան, առողջապահության և ֆինանսական ոլորտի մասին է։

Նախարարը հայտնել է, որ ներկայում գրանցված է շուրջ 700 քաղաքացի, որոնք ուսումն ավարտելուց հետո կկարողանան օգտվել այս կարգից։

Նրա խոսքով՝ ծրագիրն արդեն գործում է։ Առաջին դիմումներն ընդունվել են հոկտեմբերի 1-30-ին։

Սահմանված պայմաններին համապատասխանող և ուսումն արդեն ավարտած շուրջ 40 քաղաքացիներից 21-ը դիմում է ներկայացրել։

Դիմողների աշխատանքի վայրերը հաստատող ներկայացված տեղեկանքների համաձայն՝ ծրագրի մասնակիցներն աշխատանքի են անցել տարբեր պետական և այլ հաստատություններում։

Մասնավորապես, դրանց թվում են Ջրային կոմիտեն, ֆինանսների և ներքին գործերի նախարարությունները, Կենտրոնական բանկը, գիտական ինստիտուտները, դպրոցներն ու բուհերը։

Համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունվել են 2026 թվականի մարտի 4-ին, ծրագրի իրականացման կարգը կառավարությունը հաստատել է 2026 թվականի ապրիլի 30-ին։

Այս օրենսդրական նախաձեռնությունը դուր չի եկել խորհրդարանական ընդդիմությանը։

«Եթե այս օրենքին էլ կողմ քվեարկեն, ապա Ազգային ժողովի այս նստաշրջանի արդյունքներով ամեն տարի պարտադիր զինվորական ծառայությունից կազատվի Հայաստանի Հանրապետության 100 քաղաքացի», - խորհրդարանի ամբիոնից իր ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ ընթացիկ խորհրդարանական քառօրյայի շրջանակում առաջարկվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ոստիկանական և փրկարարական ուղղվածության ուսումնական հաստատություններ ընդունված անձանց։

Պատգամավորի խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչություն գալիս է խորհրդարան և սկսում հավաստիացնել, թե իրեն այս կամ այն մասնագետներն են անհրաժեշտ, և որ նրանց պետք է ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

«Վաղը կգա առողջապահության նախարարը և կասի՝ ինձ վիրաբույժներ են պետք, եկեք վիրաբույժներին ազատենք։ Պարտադիր զինվորական ծառայությունը հայրենիքի հանդեպ պարտքի կատարում է», - հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։