Հոկտեմբերի 17-ի ցույցերն ուղեկցած անկարգությունների հետևանքով «ապահովագրված վնասի» ընդհանուր գումարը կարող է հասնել 207 միլիոն եվրոյի։ Խոսքը 5280 ապահովագրական պատահարի մասին է։ Նման նախնական տվյալներ է հրապարակել Ֆրանսիայի ապահովագրողների France Assureurs ֆեդերացիան՝ հիմնվելով նոյեմբերի 12-ի դրությամբ իր տրամադրության տակ եղած տեղեկությունների վրա։

Վնասի ընդհանուր գումարի ավելի քան 95 %-ը՝ 198 միլիոն եվրոն, բաժին է ընկնում ձեռնարկությունների և ձեռնարկատերերի գույքին։ Արձանագրվել է նման 4050 ապահովագրական պատահար։ Մասնավոր անձանց գույքին հասցված վնասը կարող է կազմել շուրջ 3,5 միլիոն եվրո (370 դեպք), ևս շուրջ 6 միլիոն եվրոն բաժին է ընկնում վնասված ավտոմեքենաներին (860 դեպք), հաղորդում է Euronews-ը։

France Assureurs-ի նախագահ Ֆլորանս Լյուստմանը նշել է, որ «հոկտեմբերի 17-ի ցերեկը և լույս 18-ի գիշերը տեղի ունեցած քաղաքային անկարգությունների վնասը հատկապես մեծ է եղել՝ հաշվի առնելով, թե որքան կարճատև էին իրադարձությունները»։

«Համեմատության համար՝ 2005 թվականի անկարգությունները չորս շաբաթվա ընթացքում հանգեցրել են 209 միլիոն եվրոյի վնասի, իսկ 2018–2019 թվականներին «դեղին բաճկոնների» բողոքի շարժումը մի քանի ամսվա ընթացքում՝ 256 միլիոն եվրոյի վնասի»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։