Ռուսաստանը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման շրջանակում օգտագործված միջուկային վառելիքի մի մասը դուրս բերելու հնարավորության մասին, թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Սերգեյ Վերշինինը։
«Միջուկային ծրագրի մասին հարցը լավ հարց է։ Ինչպես գիտեք, մենք եզակի հնարավորություններ ունենք։ Մենք կարող ենք ատոմակայան կառուցել, կարող ենք միջուկային վառելիք մատակարարել։ Եվ եզակիությունն այն է, որ մենք կարող ենք հետ վերցնել օգտագործված միջուկային վառելիքը,- ասել է դիվանագետը։- Ուստի մենք շահագրգիռ կողմերին, առաջին հերթին՝ ամերիկացիներին և իրանցիներին, հայտնել ենք, որ ի վերջո կարող ենք դուրս բերել օգտագործված միջուկային վառելիքի մի մասը՝ բացառելու համար մտավախությունները, թե այդ վառելիքը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով»։
Միաժամանակ, ինչպես նշել է Վերշինինը, ՌԴ-ում «համոզված են, որ Իրանը, ինչպես աշխարհի մյուս պետությունները, իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնելու», հաղորդում է ТАСС-ը։





























