Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Ռումինիայի դեսպան Կ. Իստրատեն։

«Ռումինական կողմին վճռական բողոք է ներկայացվել Ռուսաստանի հավաքականի անդամներին մուտքի արտոնագրեր տրամադրելու չհիմնավորված մերժման կապակցությամբ։ Հավաքականը պետք է մասնակցեր նոյեմբերի վերջին Բուխարեստում անցկացվելիք՝ 12–14 տարեկան պատանիների և աղջիկների թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը։

Մոսկվայում մարզիկ երեխաների իրավունքների ոտնահարումը դիտարկում են որպես ազգային պատկանելության հիմքով խտրականության ամոթալի դրսևորում, որը հակասում է մարդու իրավունքների հիմնարար նորմերին և խարխլում միջազգային մարզական համագործակցության հիմքերը։ Ռուսաստանցի մարզիկներին միջազգային մրցումներին մասնակցելու թույլտվության հարցի քաղաքականացումը բացարձակապես անընդունելի է։

Ռուսաստանի դեմ թշնամական քայլերն անպատասխան չեն մնա և երկարաժամկետ բացասական հետևանքներ կունենան դրանց նախաձեռնողների համար»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Բացի դրանից, Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել նաև Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։

«Նոյեմբերի 20-ին Էստոնիայի իշխանությունները որոշում են ընդունել Ռուսաստանի հետ սահմանին մնացած անցակետերը փակելու մասին։

Տալլինի այս քայլը, որն արվել է Էստոնիայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի՝ իբր «ռուսական հատուկ ծառայությունների» կազմակերպած «չհաջողված հրկիզման» պատրվակով, բացահայտ առճակատման բնույթ է կրում և համահունչ է մեր երկրի հետ հարաբերություններն ու ընդհանուր առմամբ Բալթյան տարածաշրջանում իրավիճակը ծայրաստիճան սրելու փորձերին։

Անցակետերի միակողմանի փակումը խախտում է ռուս հայրենակիցների զգալի մասի իրավունքներն ու շահերը։ Որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա տնտեսության և սոցիալական ոլորտներում, հատկապես հենց Էստոնիայի սահմանամերձ շրջաններում։ Այն ակնհայտորեն ընդունվել է հապճեպ՝ առանց Մոսկվայի հետ որևէ խորհրդակցության։ Վստահ ենք, որ Ռուսաստանի շուրջ «սանիտարական կորդոն» ստեղծելու և այն մեկուսացնելու փորձերը թանկ կնստեն դրանց նախաձեռնողների վրա։

Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քաղաքական-դիվանագիտական միջոցները՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։