Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները՝ Հայաստանում լայնածավալ էներգետիկ նախագծեր իրականացնելու և նավթավերամշակման գործարան կառուցելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Իրանի նավթի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար որևէ սահմանափակում չի դնում։

«Արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանն իրանական մասնավոր հատվածի մասնակցության վերաբերյալ, և մենք պատրաստ ենք ընդունել վերոնշյալ հարցով այդ երկրի առաջարկները»,- նշել է Համիդ Բովարդը։

Նա հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ առանց որևէ սահմանափակման հեղուկացված նավթային գազ արտահանելու Հայաստան, ինչպես նաև զարգացնելու համագործակցությունը գազի առևտրի նոր երթուղիների ձևավորման ոլորտում։

Նա կոչ է արել վստահել Իրանի փորձին, որը կուտակվել է պատժամիջոցների ամենաբարդ պայմաններում։ «Մենք կարող ենք Հայաստանի հետ համագործակցել ամենաբարձր մակարդակով»,- նշել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատարը։