Ռուսաստանը Թուրքիայի հետ հարգալից և հանգիստ երկխոսություն է վարում C-400 զենիթահրթիռային համակարգերը երրորդ երկիր հնարավոր վերաարտահանման հարցի շուրջ։ Դրա մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Սերգեյ Վերշինինը։

«Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցի շուրջ մեր թուրք բարեկամների հետ շատ հարգալից և հանգիստ երկխոսություն ենք վարում։ Սա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- նշել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե Թուրքիան որոշի C-400-ները վաճառել երրորդ երկրի։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ C-400-ները Թուրքիայից բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հարցն օրակարգում է, և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք է տարվում, հաղրոդում է ТАСС-ը։

Թուրքիան 2017 թվականին ՌԴ-ից ձեռք է բերել C-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտնել է, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարվել է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400-ների գնդային լրակազմի մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան դուրս է մնացել F-35 կործանիչների ստեղծման ամերիկյան ծրագրից։ 2026 թվականի հուլիսին իշխանամետ Hürriyet պարբերականը տեղեկացրել է, որ, իր ունեցած տվյալներով, C-400-ները վերավաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Ամենահավանական գնորդների թվում նշվում էին Կատարը և ԱՄԷ-ն։