International Youth Strike երիտասարդական կոալիցիան հայտարարել է ավելի քան 25 երկրներում համակարգված ակցիաների անցկացման մասին։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ զսպել գների աճը, դադարեցնել ռազմականացումը և բյուջետային միջոցներն ուղղել կրթությանը, առողջապահությանն ու մատչելի բնակարանների ապահովմանը։

Իտալիայում ուրբաթ օրը սկսվել է պետական և մասնավոր հատվածների աշխատողների համազգային 24-ժամյա գործադուլը, որը հայտարարել է երկրի խոշորագույն՝ CGIL արհմիությունը, հաղորդում է Euronews-ը։

Աշխատավորների և ուսանողների զանգվածային երթերն ընդգրկել են շուրջ հարյուր բնակավայր։ Հռոմի կենտրոնում առավոտից մի քանի խոշոր երթ է տեղի ունեցել՝ Վիտորիո Էմանուելեի հրապարակում, «Լա Սապիենցա» համալսարանի և կրթության նախարարության մոտ։ Մասնակիցները բողոքում են ցածր աշխատավարձերի, գների աճի, առողջապահության և կրթության բյուջեների կրճատման, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացման դեմ։ Գործադուլի պատճառով Իտալիայի մայրաքաղաքում փակ է մետրոյի C գիծը, A և B գծերում կրճատվել է երթերի թիվը, վերգետնյա տրանսպորտն աշխատում է խափանումներով, չեն գործում բազմաթիվ դպրոցներ և պետական հաստատություններ։ Երաշխիքային հանձնաժողովի միջամտությունից հետո ավիափոխադրումներն ու գնացքների երթևեկությունն իրականացվել են ըստ չվացուցակի, սակայն արդեն շաբաթ օրը՝ երեկոյան ժամը իննին, Իտալիայում սկսվում է երկաթուղայինների առանձին գործադուլը։

Իտալիայի գործադուլին զուգահեռ՝ ամբողջ Եվրոպայում երիտասարդական բողոքի ակցիաների ալիք է սկսվել։ International Youth Strike ուսանողական շարժումների կոալիցիան հայտարարել է ուրբաթ և հանգստյան օրերին ավելի քան 25 երկրներում համակարգված ակցիաների անցկացման մասին։ Կազմակերպիչների մանիֆեստում հնչում է «Պայքարե՛ք մեր ապագայի համար, ոչ թե նրանց պատերազմների» կարգախոսը։ Երիտասարդական շարժումները պահանջում են դադարեցնել ռազմական բյուջեների աճն ու վերազինումը, հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնելու ծրագրերից, լուծել բնակարանային ճգնաժամը, գերհարուստների համար ավելի բարձր հարկեր սահմանել և այդ միջոցներն ուղղել կրթությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովությանն ու կլիմայի պաշտպանությանը։

Տարբեր երկրներում բողոքի ցույցերը ձեռք են բերել ներքին խնդիրներով պայմանավորված սեփական օրակարգը։ Մադրիդում հարյուրավոր աշակերտներ և ուսուցիչներ երթով շարժվել են դեպի կրթության նախարարություն՝ պահանջելով ավելացնել պետական դպրոցների ֆինանսավորումը։ Բացի դրանից, Իսպանիայում երկաթուղայինների արհմիությունները երեքշաբթի օրվա համար 24-ժամյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել երկաթուղիների անվտանգությունը Տոլեդո նահանգի Ուրդա բնակավայրում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո, որի հետևանքով 69 մարդ է զոհվել։

Գերմանիայում երիտասարդների փողոցային ելույթների առիթ են դարձել պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնման հետ կապված մտավախությունները․ ակտիվիստները իշխանություններին կոչ են արել բանակի ծախսերն ավելացնելու փոխարեն միջոցներ ներդնել դպրոցների վերանորոգման և ուսանողներին աջակցելու համար։ Ֆրանսիայում ցույցերը նվիրվել են «դեղին բաճկոնների» շարժման ութերորդ տարեդարձին․ այն սկսվել էր վառելիքի հարկերի պատճառով և ժամանակի ընթացքում վերածվել կյանքի թանկության դեմ լայնածավալ արշավի։ Մինչդեռ Լիտվայում արդեն մի քանի օր է՝ շարունակվում է կրթության ոլորտի աշխատողների անժամկետ գործադուլը, որին մասնակցում է շուրջ չորս հազար մանկավարժ՝ 220 ուսումնական հաստատությունից։