Թրամփի վարչակազմը հրապարակել է ամերիկյան ռազմանավի վրայով թռչող անհայտ օբյեկտի առեղծվածային կադրերը՝ Պենտագոնի՝ «չնույնականացված անոմալ երևույթներին» վերաբերող փաստաթղթերի հերթական հրապարակման շրջանակում։

Ինչպես հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, հատիկավոր սև-սպիտակ կադրերը նկարահանվել են 2020 թվականին Մերձավոր Արևելքում գտնվող նավի վրա տեղադրված ինֆրակարմիր սենսորի միջոցով։

Ուրբաթ հրապարակված 20 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է կլոր լուսային շողը շարժվում նավի կողքով՝ աջից ձախ։

Պենտագոնի ներկայացուցիչը The Independent պարբերականին հայտնել է, որ դիտարկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ առայժմ չկան։ «Մենք որևէ մեկնաբանություն կամ գնահատական չենք տալիս ո՛չ այս ֆայլերի ամբողջության, ո՛չ էլ որևէ առանձին ֆայլի վերաբերյալ, որպեսզի ամերիկացիները կարողանան ինքնուրույն կարծիք կազմել դրանց մասին», - ասել է պաշտոնյան։

Սա մայիսից ի վեր Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերի ութերորդ հրապարակումն էր, երբ նախագահ Դոնալդ Թրամփը գերատեսչությանը հանձնարարել էր գաղտնազերծել չբացահայտված թռչող օբյեկտներին և այլմոլորակայինների հետ շփումներին վերաբերող գրառումները։