ԵՄ երկրներն առաջին քայլն են արել նոր անդամների համար տասնամյա փորձաշրջան սահմանելու ուղղությամբ, որի ընթացքում նորեկների՝ սկսած Չեռնոգորիայից, քվեարկության իրավունքը կարող է կասեցվել օրենքի գերակայության սկզբունքի լուրջ խախտումների կամ Եվրամիության որոշումներն արգելափակելու համար։
Եվրոպական հանձնաժողովն այս առաջարկը ներկայացրել է անցյալ ամիս՝ խուսափելու համար Վիկտոր Օրբանի օրոք Հունգարիայի հետ ունեցած փորձի կրկնությունից։ Նրա կառավարությունը խախտում էր միության հիմնարար արժեքները և բազմիցս օգտվում վետոյի իրավունքից՝ արգելափակելով միաձայնություն պահանջող որոշումները։
Սկզբում Հանձնաժողովն առաջարկում էր 15-ամյա փորձաշրջան։ Սակայն մի շարք երկրներ, մասնավորապես՝ Իտալիան և տարածաշրջանի անդամակցությանը կողմ հանդես եկող «Արևմտյան Բալկանների բարեկամներ» խմբի մյուս անդամները, հայտարարել են, որ այդքան երկար ժամանակահատվածը դժվար է ժամանակավոր համարել։
Իռլանդիան, որը, որպես ԵՄ խորհրդում հերթական նախագահությունն իրականացնող երկիր, անդամ պետությունների միջև բանակցություններ է վարում, առաջարկել է ժամկետը կրճատել մինչև 10 տարի՝ ևս հինգ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Euronews-ը։ Առաջարկը ստացել է Եվրամիության երկրների դեսպանների լայն աջակցությունը։
Ըստ քննարկումների ընթացքին անմիջականորեն ծանոթ ԵՄ դիվանագետի՝ դեսպանները փոխզիջման շատ ավելի մեծ պատրաստակամություն են ցուցաբերել, քան այն պաշտոնյաները, որոնք շաբաթներ շարունակ համաձայնեցնում էին մանրամասները։
Առավել վիճահարույց է մնում այն հարցը, թե որ խախտումները հիմք կդառնան քվեարկության իրավունքը կասեցնելու համար։ Միությանն անդամակցելուն ամենամոտ գտնվող երկիրը՝ Չեռնոգորիան, զգուշացրել է, որ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի օբյեկտիվ չափանիշների վրա և արձագանք լինի ԵՄ արժեքների ու կանոնների պարբերական խախտումներին։
Թեկնածու երկրների նկատմամբ բարեհաճ տրամադրված մի շարք անդամ պետություններ դեմ են «բարեխիղճ համագործակցության» սկզբունքի խախտումներն այդ հիմքերի թվում ներառելուն։ ԵՄ պայմանագրի այս սկզբունքը անդամներին պարտավորեցնում է գործել բարեխղճորեն և չվտանգել միության նպատակները։ Նրանց կարծիքով՝ նման խախտումները դժվար է օբյեկտիվորեն գնահատել։
Այդ երկրները նաև դեմ են նոր անդամներին քվեարկության իրավունքից ամբողջությամբ զրկելուն՝ մտավախություն ունենալով, որ մեխանիզմը կարող է օգտագործվել նորեկներին իրենց ազգային շահերին համապատասխանող դիրքորոշումներից հրաժարվել պարտադրելու համար և փաստացի ԵՄ երկրորդ կարգի անդամների խումբ ստեղծել։
Իռլանդիան միաժամանակ առաջարկել է փոխել պաշտպանական մեխանիզմի գործարկման կարգը, որպեսզի որոշումներն ընդունվեն որակյալ մեծամասնությամբ, այսինքն՝ ԵՄ բնակչության առնվազն 65%-ը ներկայացնող երկրների մեծամասնությամբ։ Այդ հարցում ևս անդամ պետությունները լուրջ առարկություններ չեն ներկայացրել։
Այժմ քննարկումն ապագա անդամների համար ընդհանուր կանոններից կանցնի այն հարցին, թե դրանք ինչպես են կիրառվելու Չեռնոգորիայի նկատմամբ։ Իռլանդիայի առաջարկը հիմք կդառնա Չեռնոգորիայի անդամակցության պայմանագրի պաշտպանական դրույթների համար։ Եվրահանձնաժողովը մտադիր է պայմանագիրը ստորագրել մինչև 2027 թվականի հունիսը։
Ակնկալվում է, որ պաշտոնյաները պայմանագրի համապատասխան բաժնի՝ 35-րդ գլխի նախագծի շուրջ առաջին տեխնիկական քննարկումները կանցկացնեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Առայժմ պարզ չէ՝ պաշտպանական միջոցները կհարմարեցվեն հատուկ Չեռնոգորիայի համար, թե նախադեպ կստեղծեն ԵՄ բոլոր ապագա անդամների համար։





























