Նորվեգական Lift Ocean ընկերությունը մշակել է ONE հավաքածուն, որը ցանկացած մոտորանավակ ստորջրյա թևերով փոքր արագընթաց կատերի է վերածում։

Հավաքածուն բաղկացած է երեք մասից։ Առաջինը երեք ուղղահայաց դուրսբերովի հենասյուներն են, որոնց ստորին մասում շարժական թևեր են ամրացված։ Դրանցից երկուսը տեղադրվում են նավի նավախելի հատվածում՝ կողերի երկայնքով, իսկ մեկը՝ քթամասում։ Հավաքածուում կա նաև շարժիչը վեր ու վար տեղաշարժելու համար նախատեսված բարձակ, որպեսզի թիապտուտակը մշտապես մնա ջրի մեջ։ Երրորդ բաղադրիչը կառավարման համակարգն է, որը շարժիչային կայանքը կապում է ծրագրային ապահովման հետ։

Երբ ONE-ն օգտագործելու անհրաժեշտություն չկա, թևերը բարձրացվում են ջրից՝ խեցեմորթներով պատվելուց խուսափելու համար, ինչը միաժամանակ հնարավորություն է տալիս նավակով տեղաշարժվել ծանծաղ ջրերում, գրում է «Техкульт»-ը։ Արագընթաց ռեժիմի անցնելիս թևերը դուրս են բերվում կառավարման վահանակի օգնությամբ։ Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է արագությունը նվազեցնել մինչև նվազագույնը։

Հասնելով մոտ 30–33 կմ/ժ արագության՝ կատերը բարձրանում է ստորջրյա թևերի վրա։ Կախված ալիքների բարձրությունից՝ կարելի է ընտրել ջրի մակերևույթից նավի «թռիչքի» բարձրությունը։ Թևերի դիրքը վերահսկում են ռադարային մոդուլներն ու կրկնակի GPS ալեհավաքները, որոնք տվյալներն անընդհատ փոխանցում են շարժման վերահսկիչին։

Ընդ որում, նավի սեփականատերը կարող է փոխել թևերի տեսակը՝ կախված նրանից, թե իր համար որն է ավելի կարևոր՝ արտադրողականությունը, արդյունավետությունը, թե կառավարման պարզությունը։ Lift Ocean-ի առաջարկած ONE տարբերակը նախատեսված է 6–9 մ երկարությամբ, առնվազն 2,4 մ լայնությամբ և մինչև 2,5 տոննա քաշով կատերների համար։