Կղզիներում բնակվում է մեղուների ավելի քան 1700 տեսակ, որոնք աշխարհում այլ վայրերում չեն հանդիպում։ Այս մասին վկայում են կղզիաբնակ մեղուների առաջին գլոբալ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Nature ամսագրում։
Թեև կղզիները կազմում են Երկրի ցամաքային տարածքի ընդամենը շուրջ 6%-ը, դրանցում հանդիպում է մեղուների հայտնի տեսակների մոտ մեկ հինգերորդը։ Գիտնականների միջազգային խումբը հավաքել և վերլուծել է 305 կղզուց ստացված՝ մեղուների մասին ավելի քան 600 հազար գրառում։ Ընդհանուր առմամբ հետազոտողները գրանցել են 4128 տեղական տեսակ, որոնցից 1742-ը հանդիպում է բացառապես կղզիներում։
Մեղուների ամենամեծ բազմազանությունը գրանցվել է Միջերկրական ծովի կղզիներում, մասնավորապես՝ Սիցիլիայում և Կիպրոսում։ Եզակի տեսակներ են բնակվում նաև արևադարձային կղզիներում, այդ թվում՝ Հավայան կղզիներում և Մադագասկարում։
Հետազոտության առաջին հեղինակ Լեոն Մարշալի խոսքով՝ աշխատանքը հիմք է ստեղծում ուսումնասիրելու, թե ինչպես են մեղուները բնակեցնում կղզիները, հարմարվում նոր պայմաններին և ձևավորում նոր տեսակներ։ Ստացված տվյալները նաև կօգնեն պարզել, թե որ պոպուլյացիաներն ունեն պաշտպանության կարիք։
Հետազոտության ավագ հեղինակ, Բրյուսելի ազատ համալսարանի դոկտոր Նիկոլա Վերեկենը նշում է, որ արդյունքները կարևոր են ոչ միայն կղզային էկոհամակարգերի համար։ Մայրցամաքներում ևս գոյություն ունեն յուրատեսակ «կղզիներ»՝ կենսամիջավայրի մեկուսացված հատվածներ, որոնք շրջապատված են որոշակի տեսակների գոյության համար ոչ պիտանի տարածքներով։ Հասկանալը, թե ինչպես են այդ հատվածների մակերեսը, մեկուսացման աստիճանն ու այլ կենսամիջավայրերի հետ կապն ազդում մեղուների վրա, կարող է օգնել պահպանել փոշոտողներին մարդու կողմից փոփոխված լանդշաֆտներում։
Հետազոտության մեջ ընդգծվում է նաև քաղաքացիական գիտության նշանակությունը։ Բնության սիրահարների՝ iNaturalist և ObsIdentify հարթակներում հրապարակած լուսանկարները գիտնականներին թույլ են տալիս ուսումնասիրել մեղուներին նույնիսկ այն վայրերում, որտեղ մասնագետները հազվադեպ են լինում։ Լուսանկարների միջոցով հնարավոր է բավական հուսալիորեն նույնականացնել բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև հայտնաբերել հեռավոր կղզիներում դրանց հաստատման նոր դեպքեր։
Այսպես՝ հետազոտողներին հաջողվել է փաստագրել տերևահատ մեղուների և այլ տեսակների առկայությունը հեռավոր կղզիներում, ինչպես նաև հաստատել բնապահպանական արժեք ունեցող տեսակների պահպանված լինելը։ Դրանց թվում են սև դիմակով հավայան մեղուները, որոնք ԱՄՆ-ում գտնվում են դաշնային պահպանության ներքո։
Հեղինակները կարծում են, որ կազմված ցանկը մեկնարկային կետ կդառնա կղզիաբնակ մեղուների հետագա ուսումնասիրության և այս կարևոր փոշոտողների պահպանմանն ուղղված միջոցառումների մշակման համար։





























