ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի երկու բնակչուհու մեղադրանք է առաջադրվել հանրապետական կոնգրեսական Ջեֆ Վան Դրյուի նախկին աշխատակցուհու վրա հարձակումը բեմադրելու առնչությամբ, հայտնել է NBC News-ը։
Քննության վարկածով՝ կանայք հայտնել են քաղաքական դրդապատճառներով հարձակման մասին, որն իրականում տեղի չի ունեցել։
Ուրբաթ Նյու Ջերսի օկրուգի ԱՄՆ դատախազությունը հայտնել է, որ Օուշեն Սիթիից 27-ամյա Նատալի Գրինին մեղադրանք է առաջադրվել կեղծ տեղեկություններ տարածելու և հորինված միջադեպեր բեմադրելու նպատակով դավադրության, կեղծ հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաև դաշնային իրավապահ մարմիններին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար։ Ատլանտիկ Սիթիից 25-ամյա Անամարիա Մոյին մեղադրել են դավադրության և կեղծ հաղորդումներ տարածելու մեջ։ Հինգշաբթի նա առաջին անգամ ներկայացել է Քամդենի դաշնային դատարան։
Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հուլիսի 23-ին Մոն զանգահարել է 911 ծառայություն և հայտնել, որ Էգ Հարբոր քաղաքի բնական արգելոցում զբոսնելիս իր և Գրինի վրա երեք տղամարդ է հարձակվել։ Մոյի խոսքով՝ հարձակվողները Գրինին անունով են դիմել և հիշատակել կոնգրեսական Վան Դրյուի մոտ նրա աշխատանքը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները Գրինին հայտնաբերել են անտառապատ տարածքում՝ ձեռքերն ու ոտքերը սև պլաստիկ կապերով կապված։ Նրա դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածն ու ուսը ծածկված էին կտրվածքներով։ Կնոջ որովայնին գրված էր «Թրամփի պոռնիկ», իսկ մեջքին՝ Վան Դրյուին ռասիզմի մեջ մեղադրող գրություն։
Սակայն քննության ընթացքում իրավապահները եզրակացրել են, որ հարձակումը բեմադրված է եղել։ Քննության վարկածով՝ Գրինը վճարել է սկարիֆիկացիայի՝ մաշկի վրա միտումնավոր կտրվածքներ անելու մասնագետին, որպեսզի վերջինս վերքեր հասցնի իր տրամադրած գծապատկերին համապատասխան։ Կնոջ ավտոմեքենայում հայտնաբերել են պլաստիկ կապեր, որոնք նման էին այն կապերին, որոնցով, ենթադրաբար, կապված էին նրա ձեռքերն ու ոտքերը։ Բացի այդ, ենթադրյալ հարձակումից երկու օր առաջ Մոյի հեռախոսից համացանցում որոնել են մոտակայքում վաճառվող պլաստիկ կապեր։
Առաջադրված մեղադրանքներից յուրաքանչյուրով նախատեսված առավելագույն պատիժը մինչև հինգ տարվա ազատազրկումն է, 250 հազար դոլարի տուգանքը և ազատ արձակվելուց հետո մինչև երեք տարվա վերահսկողությունը։ Մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ դատարանում։





























