ԱՄՆ-ում երկրորդ դաշնային դատավորն է արգելափակել 76 մետր բարձրությամբ հաղթակամարի կառուցումը, որը նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է կանգնեցնել Վաշինգտոնում, հայտնել է Associated Press-ը։
Դատավոր Լեոնի Բրինկեմայի ուրբաթ կայացրած որոշմամբ աշխատանքները կասեցվում են անորոշ ժամկետով, հայտնել են հայցվորների փաստաբանները։
Հայցը ներկայացրել է Վիրջինիա նահանգի Արլինգթոն օկրուգի խորհուրդը։ Օկրուգը գտնվում է մայրաքաղաքի դիմաց, Պոտոմակ գետի մյուս ափին։ Օկրուգի ներկայացուցիչները պնդում են, որ շինարարությունը կվատթարացնի ճանապարհային երթևեկության վիճակը և սպառնալիք կստեղծի հանրային անվտանգության համար։
«Ուրախ ենք, որ դատարանը ճանաչեց այն անդառնալի վնասը, որը կհասցվի Արլինգթոնում ապրող և աշխատող մարդկանց, և գործի քննության ընթացքում կասեցրեց սնափառության այս լայնածավալ նախագիծը», — հայտարարել է հայցվորների փաստաբան Քեյթ Թալմորը։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի, դաշնային դատավոր Տանյա Չատկանը մինչև դեկտեմբերի 3-ը երկարաձգել էր շինարարությունն սկսելու ժամանակավոր արգելքի գործողության ժամկետը։ Նա սկզբնապես կասեցրել էր նախագիծը նոյեմբերի 5-ին՝ այն բանից հետո, երբ Մայրաքաղաքային տարածաշրջանի պլանավորման ազգային հանձնաժողովը 8 կողմ և 4 դեմ ձայներով հավանություն էր տվել դրան՝ չնայած ելույթ ունեցած տասնյակ մարդկանց առարկություններին։
Չատկանի քննած հայցը ներկայացվել է Վիետնամի պատերազմի վետերանների և ճարտարապետության պատմաբանի անունից։ Առանձին հայց են ներկայացրել նաև Քենեդիների ընտանիքի ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ կառույցը կարող է ազդեցություն ունենալ Արլինգթոնի ազգային գերեզմանատան վրա, որտեղ թաղված են ընտանիքի անդամները։
Թրամփն առաջ է մղում մի քանի նախագիծ, որոնք կոչված են նրա անձնական հետքը թողնելու Վաշինգտոնի ճարտարապետական դիմագծի վրա։ Նախատեսվող կամարի բարձրությունը կկազմի մոտ 76 մետր՝ մոտավորապես երկու անգամ գերազանցելով Լինքոլնի հուշահամալիրի բարձրությունը։





























