Երևանի իտալական տանը՝ «Կազա Նոստրա» ռեստորանում, տեղի ունեցավ բացառիկ ընթրիք՝ միավորելով իտալական խոհարարական ավանդույթները, ժամանակակից գաստրոնոմիական արվեստն ու չորս տաղանդավոր շեֆերի վարպետությունը։
Իտալական խոհանոցի շաբաթն աշխարհում մեկնարկեց յուրահատուկ «8 ձեռք» (8 Hands Dinner) ձևաչափով ընթրիքով, որի ընթացքում իրենց խոհարարական արվեստը ներկայացրին միջազգային ճանաչում ունեցող իտալացի և հայ շեֆերը։






















Երեկոյի գլխավոր հերոսներն էին Michelin Guide 2026 ուղեցույցում ընդգրկված Atelier Gourmet & Cocktails at Il Salotto ռեստորանի շեֆ խոհարար, Համի դեսպան Լուկա Մաստրոմատտեին, Վենետիկի հանրահայտ Venissa fine dining ռեստորանի շեֆ հրուշակագործ Ջուզեպպե Բալդինը, Երեմյան ընկերությունների խմբի եվրոպական ռեստորանների խոհանոցների ղեկավար, շեֆ խոհարար Վաչ Ջանոյանը և շեֆ հրուշակագործ Անահիտ Միքայելյանը։
Ընթրիքը կազմակերպվել էր Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ։
Չորս շեֆերի համագործակցության արդյունքում ստեղծվեց գաստրոնոմիական յուրահատուկ փորձառություն, որտեղ իտալական խոհանոցի հարուստ ժառանգությունը ներկայացվեց ժամանակակից մեկնաբանություններով՝ համադրելով ավանդական բաղադրատոմսերը, նորարարական մոտեցումներն ու խոհարարական բարձր վարպետությունը։
Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու իտալական խոհանոցի նրբագեղ համադրությունները՝ սմբուկով պարմիջանա, ռիկոտա պանրով և պեստոյով տապակած պակերի, ավանդական ռագուով տարտալետ, ապխտած իշխանի կանոլո՝ պարմեզանով և գրեյպֆրուտով, ինչպես նաև իտալական ֆոկաչա։
Երեկոյի առանձնահատուկ շեշտադրումներից էին հյուրերի ներկայությամբ գործող խոհարարական կայանները, որոնք հնարավորություն տվեցին ոչ միայն համտեսելու, այլև անմիջականորեն հետևելու ուտեստների պատրաստման արվեստին։
Թարմ պաստայի պատրաստման կայանում հյուրերը բացահայտեցին իտալական խոհանոցի ամենասիրված ավանդույթներից մեկը, իսկ իտալական մսային դելիկատեսների, պանիրների և հացաբուլկեղենի կայաններում ներկայացվեցին Իտալիայի հարուստ գաստրոնոմիական մշակույթին բնորոշ համերն ու բույրերը։ Հայաստանում իտալական պանիրների արտադրությամբ և տեսականիով ներկայացավ Երեմյան կաթնամթերքը։
Երեկոյի քաղցր ավարտն ապահովեցին շեֆ հրուշակագործ Ջուզեպպե Բալդինի հեղինակային աղանդերն ու իտալական խոհանոցի խորհրդանիշներից մեկը՝ տիրամիսուն։
«Կազա Նոստրա»-ն՝ Երևանի իտալական տունը, այս երեկոյի ընթացքում դարձավ իտալական մշակույթի, խոհարարական ստեղծագործության և միջազգային մասնագիտական համագործակցության յուրահատուկ հանդիպման վայր։
«8 ձեռք» ձևաչափով ընթրիքը ևս մեկ հնարավորություն էր ընդգծելու, որ խոհարարությունը միայն համերի արվեստ չէ, այլև մշակույթների միջև երկխոսության, փորձի փոխանակման և նոր ստեղծագործական գաղափարների հարթակ։
Իտալական խոհանոցի շաբաթվա մեկնարկը «Կազա Նոստրա» ռեստորանում վերահաստատեց ռեստորանի առաքելությունը՝ Երևանում ներկայացնելու իտալական խոհանոցի լավագույն ավանդույթները՝ համեղ խոհանոցից մինչև բարձրակարգ սպասարկում։
Հիշեցնենք, որ ռեստորանը հիմնվել է 2020 թվականին Երեմյան ընկերությունների խմբի կողմից և գտնվում է Փավստոս Բուզանդի 91 հասցեում՝ Սիզընս այգու հարևանությամբ։





























