ՀԴԲ-ն հետաքննում է Քրեական տեղեկատվության ազգային կենտրոնի (NCIC) տվյալների շտեմարանի ենթադրյալ կոտրումը։ Համազգային այս շտեմարանը տեղեկությունների փոխանակում է ապահովում ԱՄՆ-ի դաշնային, նահանգային և տեղական իրավապահ մարմինների միջև, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ երկու աղբյուրի։
Աղբյուրների տվյալներով՝ համակարգ հաքերների ենթադրյալ ներթափանցումը վերջին ամիսներին արդեն երկրորդ նման միջադեպն է ՀԴԲ-ում։
NCIC-ն ամերիկյան իրավապահ մարմինների կարևորագույն տեղեկատվական համակարգերից է։ Այն ամբողջ երկրում օգտագործվում է հետախուզվող անձանց, ձերբակալման օրդերների և անձանց կենսագրական տվյալների ստուգումների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու համար։
Նոր միջադեպի բացահայտման մասին հայտնի է դարձել վերջին օրերին՝ ԱՄՆ-ի կիբեռանվտանգության վիճակի վերաբերյալ հանրության մտահոգությունները մեղմելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերի ֆոնին։ Վերջին շրջանում մի շարք խոշոր խափանումներ են տեղի ունեցել, որոնք ազդել են բանկերի, Ազգային անվտանգության գործակալության և Դաշնային ավիացիոն վարչության օդային երթևեկության կառավարման համակարգի վրա։
Հինգշաբթի՝ այն բանից հետո, երբ բյուրոյի ղեկավարությունը տեղեկացել է նոր միջադեպի մասին, ՀԴԲ-ի տնօրեն Քաշ Փաթելը ելույթ է ունեցել Fox News հեռուստաալիքի եթերում՝ ներկայացնելով գերատեսչության աշխատանքը կիբեռանվտանգության ոլորտում։
Նա հիշատակել է մի քանի ամիս առաջ ավարտված Winter Shield գործողությունը, որի նպատակն էր խրախուսել ընկերություններին թարմացնել իրենց համակարգերը և կանխել հաքերների հասանելիությունը գաղտնի տվյալներին։ Ընդ որում, Փաթելը գործողության մասին խոսել է այնպես, կարծես այն դեռ շարունակվում է, և հայտարարել, որ գործող վարչակազմն արդիականացնում է առանցքային համակարգերը՝ երկրի կրիտիկական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։
«Մյուս վարչակազմերը կարող էին կատարել այս թարմացումները, բայց չեն արել։ Մենք առաջ ենք անցնում իրադարձություններից և լրացնում բացթողումները», — ասել է նա։
ՀԴԲ-ի նախկին աշխատակիցը, որը ղեկավարել է կիբեռհանցավոր խմբավորումների գործունեության հետաքննությունները, CNN-ին հայտնել է, որ NCIC-ի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Նրա խոսքով՝ ամբողջ երկրում ոստիկաններն ամեն օր օգտվում են շտեմարանից՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու, ձերբակալման օրդերների առկայությունը ստուգելու և տեղեկություններ ստանալու համար, քանի որ դրանից կարող է կախված լինել իրավապահների ու բնակչության անվտանգությունը։
«Ինձ այդքան էլ չի մտահոգում այն, որ հաքերները հասանելիություն են ստացել գաղտնի տեղեկություններին, թեև դա նույնպես լուրջ խնդիր է։ Կարևոր է նաև այն, թե արդյոք նրանք կարող էին խաթարել ոստիկանների տրամադրած տվյալները», — ընդգծել է նա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, ShinyHunters հաքերային խմբավորումը հարձակվել էր աշխատանքի դիմորդների համար նախատեսված ՀԴԲ-ի կայքի վրա՝ հասանելիություն ստանալով աշխատակիցների գաղտնի անձնական տվյալներին։ Այդ միջադեպի առնչությամբ ձերբակալվել էր կիբեռանվտանգության ոլորտի կանադացի հետազոտող և հեղինակ, որին նույնպես մեղադրանքներ են առաջադրվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, արտահոսքից հետո ՀԴԲ-ի որոշ աշխատակիցներ դժգոհել էին, որ ղեկավարությունն իրենց բավարար տեղեկություններ չի տրամադրել այն մասին, թե արդյոք իրենց տվյալները կարող էին հայտնվել չարագործների ձեռքում։ Նրանք դժգոհ էին մնացել նաև տուժածներին առաջարկված աջակցության միջոցներից և ռեսուրսներից։
Մեկ այլ կոտրում տեղի էր ունեցել 2023 թվականին․ հաքերները ներթափանցել էին ՀԴԲ-ի Նյու Յորքի բաժանմունքի համակարգչային համակարգ, որն օգտագործվում էր երեխաների սեռական շահագործման գործերի հետաքննության ընթացքում։ Մասնավորապես, տուժել էր Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննությանն առնչվող պատկերների պահպանման համակարգը։





























