«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական խոհանոցում կան ճաշատեսակներ, որոնք պատրաստվում են բացառապես հյուրերի ախորժակը գրգռելու, բայց երբեք սեղանին չդնելու համար։ Դրանցից ամենահայտնին «Եթե պարտվեմ՝ կհեռանամ» «ֆիրմային» ուտեստն է։ Առաջին հայացքից այն թվում է չափազանց ազնիվ և ասպետական՝ կարծես մենամարտի հրավեր, որտեղ մի կողմը սեղանին է դնում իր ամբողջ քաղաքական կապիտալը և ասում. «Ահա կարճ ճանապարհը, եթե ուզում եք ինձանից ազատվել, համեցեք»։

Սակայն քաղաքական փորձառություն ունեցող դիտորդները վաղուց են սովորել կարդալ ոչ թե մենյուի խոշոր տառերը, այլ խոհարարի ձեռքի շարժումները։ Իրականում սա ոչ թե ազնիվ քաղաքական խաղ է, այլ դասական քաղաքական խայծ՝ խնամքով ամրացված հանրաքվեի կարթին։ Հաշվարկը պարզ է, նույնիսկ մանրամասն հաշվարկված. եթե ընդդիմությունը կուլ տա այդ խայծը և մտնի քարոզարշավի մեջ, ապա ակամա կլեգիտիմացնի մի գործընթաց, որի ողջ օրակարգը, հարցադրումները և խաղի կանոնները, քննադատների համոզմամբ, գծված են Երևանի և Բաքվի իշխանական կաբինետներում։ Այդ պահից սկսած՝ հասարակական դժգոհության ամբողջ էներգիան կուղղվի ոչ թե իրական խնդիրների լուծմանը, այլ օտար օրակարգով ձևավորված քվեաթերթիկի «Այո»-ի ու «Ոչ»-ի շուրջ անվերջ բանավեճերին։

Այստեղ, սակայն, առաջանում է մի փոքրիկ, բայց վճռորոշ խոչընդոտ՝ հիշողությունը։ Քաղաքականության մեջ ամենադժվար բանը նույն հնարքը երկրորդ կամ երրորդ անգամ կիրառելն է այնպիսի լսարանի առաջ, որն արդեն անգիր գիտի սցենարի ավարտը։ Երբ տարիներ շարունակ հնչած խոստումների և իրական քայլերի միջև ձևավորվում է մի ամբողջ կիրճ, որտեղ կարելի է էքսկուրսիաներ կազմակերպել «Խոստացվածը և կատարվածը» խորագրով, ցանկացած նոր «վճռական առաջարկ» ընկալվում է խոր թերահավատությամբ։

Ընդդիմադիր դաշտը նայում է այդ կարթին, տեսնում է փայլուն խայծը, բայց միաժամանակ նկատում է նաև թաքնված թելը։ Բոլորն արդեն գիտեն, որ եթե նույնիսկ «Ոչ»-ը հաղթի, խոստացված հրաժարականի փոխարեն միշտ կգտնվի մի նոր, «ստեղծագործական» բացատրություն. պարզվելու է, որ ժողովուրդը պարզապես դեռ պատրաստ չէր այդքան առաջադեմ փոփոխությունների, որ տեքստը խմբագրման կարիք ունի, իսկ իրականում հենց այս պահին երկիրը լքելը կլինի ծայրահեղ անպատասխանատվություն պետության հանդեպ, ուստի պետք է մնալ և «շտկել սխալները»։

Արդյունքում ստացվում է մի զավեշտալի տեսարան. ձկնորսը կանգնած է ափին, ոգևորված թափահարում է կարթը և հրավիրում` «եկե՛ք, սա ձեր շանսն է», մինչդեռ արդեն փորձառության դառը դաս ունեցող քաղաքական հանրույթը հանգիստ հետևում է այդ ներկայացմանը, շրջվում և լողում այլ ուղղությամբ՝ լավ իմանալով, որ այս ջրերում խոսքն ու գործը վաղուց տարբեր ափերում են ապրում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում