Իրանի ռազմածովային ուժերն իրենց գերիշխանությունը տարածել են Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի սահմաններից առնվազն 500 կմ հեռու՝ հակառակորդի ռազմանավերին ստիպելով հեռու մնալ տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին, հաղորդում է Tasnim-ը։
Ուրբաթ օրը համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ Վահիդին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը վերահսկողություն են հաստատել ոչ միայն Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի, այլև դրանցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող բաց ջրերի նկատմամբ։
«Ինչո՞ւ թշնամու ռազմանավերը չեն համարձակվում մոտենալ 500–600 կիլոմետրից պակաս հեռավորության վրա»,— հարցրել է նա՝ դա բացատրելով Իրանի ռազմածովային ուժերի մարտական կարողություններով, ինչպես նաև ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարության և անձնակազմի հզորությամբ։
Վահիդիի խոսքով՝ նախկինում Պարսից ծոցում առանձին ժամանակահատվածներում գտնվել է մինչև 120 արևմտյան ռազմանավ, իսկ սովորաբար դրանց թիվը կազմել է 70–80։ Սակայն, գեներալի պնդմամբ, արդեն երկար ամիսներ է՝ այդ նավերը չեն հայտնվում ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ էլ դրա սահմաններից դուրս։
«Թշնամիները պետք է հասկանան, որ պարտությունն ընդունելուց բացի այլ ելք չունեն, և նրանց ոչինչ չի մնում, քան լքել տարածաշրջանը»,— հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարը։
Նա նաև ընդգծել է, որ Իրանն անքակտելի իրավունք ունի հատուցելու երկրի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կատարած հանցագործությունների համար։ Նրա խոսքով՝ աշխարհն այլևս անվտանգ վայր չի լինի նրանց համար, ովքեր պատասխանատու են սպանությունների և վայրագությունների համար։
«Նրանք չեն կարողանա հանգիստ քնել և պետք է դողան իրենց կատարած հանցագործությունների առջև»,— ասել է Վահիդին։
Գեներալը հավելել է, որ Իրանը մտադիր է հետապնդել մեղավորներին այնքան ժամանակ, մինչև վրեժ լուծի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի, Մինաբի ողբերգության հետևանքով զոհվածների և մյուս բոլոր նահատակների արյան համար։
Վահիդին նաև հայտարարել է Իրանի զինված ուժերի լիակատար մարտական պատրաստվածության մասին։ Նրա խոսքով՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի զինծառայողներն անընդհատ մշակում և ցուցադրում են նոր կարողություններ։
Գեներալը հայտնել է, որ այդ ուժերի ներկայիս ներուժը զգալիորեն գերազանցում է այն ներուժը, որը նրանք ցուցադրել են Իրանի դեմ առաջին ագրեսիվ պատերազմի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս ընթացքում հաջողություններ են գրանցվել նաև նոր մշակումների, օպերատիվ կարողությունների և տեխնոլոգիաների ոլորտներում։





























