Honda Motor-ը Ճապոնիայի ներքին շուկա կհանի Freed կոմպակտ մինիվենների ընտանիքի թարմացված տարբերակը։

Մինիվենի ստանդարտ տարբերակը, որը կրում է Air EX անվանումը, այսուհետ հասանելի կլինի նաև հինգտեղանոց սրահով։ Մինչ այժմ հինգտեղանոց տարբերակը հասանելի էր միայն Freed Crosstar քրոս-մինիվենի համար, իսկ ստանդարտ տարբերակն առաջարկվում էր միայն յոթտեղանոց դասավորությամբ։

Երկու տարբերակների համար հասանելի է դարձել նաև Black Style հատուկ համալրումը, որը ներառում է սև գույնի անվահեծեր, կողային հայելիների պատյաններ, դռների արտաքին բռնակներ և մի շարք այլ տարրեր։

Հինգտեղանոց տարբերակն այժմ համալրվում է հետևի ուղևորների համար նախատեսված առանձին օդորակիչով, ինչն ավելի հարմարավետ է դարձնում երթևեկությունը։

Air EX տարբերակը համալրվել է նաև հետևի ուղևորների համար նախատեսված՝ լուսադիոդային լուսավորությամբ ծալովի սեղանիկներով։ Լրացուցիչ լուսավորություն է ավելացվել նաև կոսմետիկ հայելիներով արևապաշտպան հովարներում, հայտնում է Drom.ru-ն։ Crosstar տարբերակի հետևի նստատեղերի թիկնակներում կան սմարթֆոնների լիցքավորման USB Type-C սարքեր։

Բոլոր համալրումներում ղեկանիվը պատված է բնական կաշվով։ Հասանելի է դարձել նաև առաստաղի սև երեսպատումը։

Թարմացված Honda Freed-ի գինը Ճապոնիայում սկսվում է 2 միլիոն 673 հազար իենից։