Ծովային հարթակների մատակարարման և հեռավոր տարածքներ զորքերի տեղափոխման հետ կապված տրանսպորտային լոգիստիկան հսկայական ծախսեր և ուղղաթիռների օգտագործում է պահանջում։ Տեխասյան Skyways ստարտափը խոստանում է, որ իր նոր Skyreach անօդաչուն կկարողանա այս խնդիրներն ավելի արագ և էժան լուծել՝ բեռներ հասցնելով մինչև 2100 կմ հեռավորությամբ։
Skyreach-ը ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող հիբրիդային ինքնաթիռ է, որը հագեցած է այն օդ բարձրացնող ութ էլեկտրաշարժիչով և հորիզոնական թռիչքի համար նախատեսված՝ ծանր վառելիքով (մազութ, գազոյլ) աշխատող երկտակտ շարժիչով, հաղորդում է «Տեխկուլտը»։ Դրան հարմար է նաև ավիացիոն կերոսինը։
Անօդաչուի թևերի բացվածքը 6,7 մ է, բեռնախցիկի ծավալը՝ 198 լ։ Բեռնախցիկը բեռնվում է վերևից, իսկ ներքևի ելանցքի շնորհիվ հնարավոր է բեռները նետել կամ ճոպանով իջեցնել՝ առանց վայրէջք կատարելու։
Ինչպես հայտնել են ընկերությունում, անօդաչուն դիմանում է մինչև 75 կմ/ժ արագությամբ քամուն և −21-ից մինչև +49 °C ջերմաստիճանային տատանումներին։ Նվազագույն բեռնվածությամբ օդում մնալու տևողությունը գերազանցում է 18 ժամը։ Ըստ Skyways-ի գլխավոր տնօրեն Չարլզ Ակնինի՝ Skyreach-ի շահագործումն արժենում է ժամում մոտ 300 դոլար։ Հետագայում նա խոստանում է այդ ցուցանիշը նվազեցնել մինչև 100 դոլար։





























