Ավստրալիայի խոշորագույն ավիափոխադրող Qantas Airways-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, երբ նրա Airbus A350-1000ULR ինքնաթիռը հուլիսի 27-ին Մելբուռն-Թուլուզ երթուղով 24 ժամ 24 րոպեում հեռավորությամբ ռեկորդային առանց վայրէջքի թռիչք է իրականացրել։

23 հազար 155 կմ ռեկորդային հեռավորությունը հաղթահարելու համար ինքնաթիռը համալրվել է 20 հազար 900 լիտր տարողությամբ վառելիքի բաքով, վառելիքի մատակարարման արդիականացված համակարգով և բռնկումը կանխող համակարգով։

Թռիչքի հաջող իրականացումն ապահովելու նպատակով ամրացվել են թևի կենտրոնական հատվածի և շասսիի շուրջ գտնվող հիմնական կրող տարրերը՝ առավելագույն թռիչքային զանգվածն ու բեռնատարողությունը մեծացնելու համար, հաղորդում է «Техкульт»-ը։ Իր հերթին, Rolls-Royce XWB-97 շարժիչները կատարելագործվել են՝ փոքր քարշուժով թռիչքի տևողությունը մեծացնելու նպատակով։

Qantas Airways-ի նպատակն Ավստրալիայից Լոնդոն և Նյու Յորք առանց վայրէջքի չվերթների գործարկումն է՝ հեռավոր տարանցիկ չվերթների ժամանակ առաջացող խնդիրներից խուսափելու, ինչպես նաև ճանապարհին անցկացվող ժամանակը կրճատելու համար։