Ավստրալիայի Մելբուռն քաղաքում ավարտել են 48-հարկանի գրասենյակային շենքի ճակատին, տանիքին և վերին հատվածում 1391 արևային վահանակի տեղադրումը։ Երկնաքերի կառուցվածքում ինտեգրված համակարգի առավելագույն հզորությունը հասնում է 375 կիլովատի։
Վահանակները տեղադրվել են Bourke Street 435 հասցեում կառուցված շենքի վրա։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ նախատեսված՝ ամբողջ հզորությամբ գործարկվելուց հետո համակարգն ի վիճակի կլինի ապահովել շենքի էլեկտրաէներգիայի հիմնական պահանջարկի մինչև 20%-ը։
Նախագծի մշակողներն այն անվանել են «առևտրային գրասենյակային շենքում արևային ճակատի լայնածավալ կիրառման աշխարհում առաջին օրինակներից մեկը»։
Տեղադրված վահանակները մշակողներն անվանում են «արևային թաղանթ»։ Նախագիծն Ավստրալիայի պետական ֆինանսավորում է ստացել ավելի քան չորս տարի առաջ։ Դրա հիմնական գաղափարն այն էր, որ երկնաքերի պատերը վերածվեն էլեկտրաէներգիա արտադրող մակերեսի՝ տանիքին արևային վահանակներ տեղադրելով սահմանափակվելու փոխարեն։
Շենքում ինտեգրված ֆոտովոլտային համակարգը զբաղեցնում է ավելի քան 2679 քառակուսի մետր տարածք և ընդգրկում է աշտարակի արտաքին մակերեսի զգալի մասը, հայտնում է Naked Science-ը։ Այդ լուծումը հնարավորություն է տալիս ընդլայնել արևային տարրերի տեղադրման համար հասանելի մակերեսը քաղաքային խիտ կառուցապատման պայմաններում, որտեղ տանիքների տարածքը սահմանափակ է։
Շահագործման հանձնելուց հետո համակարգը ոչ միայն կբավարարի շենքի էլեկտրաէներգիայի պահանջարկի մի մասը, այլև կնվազեցնի հովացման համակարգերի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ընդհանուր ցանցից սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը։
Առաջին հայացքից գաղափարը կարող է պարզ թվալ, սակայն դրա իրագործումը զգալի ինժեներական և կազմակերպչական ջանքեր է պահանջել։ Ի տարբերություն տանիքներին տեղադրվող սովորական արևային էլեկտրակայանների՝ ֆոտովոլտային համակարգի վահանակները սոսկ չեն ամրացվում պատրաստի կառուցվածքի վրա։ Դրանք փոխարինում են ավանդական շինանյութերին՝ ճակատների երեսպատմանը, ապակեպատմանը, արևապաշտպան տարրերին կամ տանիքի ծածկերին։ Այսպիսով, ֆոտովոլտային մոդուլները միաժամանակ շինարարական կառուցվածքների և էլեկտրաէներգիա արտադրող սարքավորումների գործառույթներ են կատարում։
Սա Ավստրալիայում էլեկտրաէներգիա արտադրելու համար շենքերի ճակատների օգտագործման առաջին օրինակը չէ։ 2024 թվականի նոյեմբերին ավարտվել է Մելբուռնի արևմտյան հատվածում՝ Spencer Street 550 հասցեում գտնվող ութհարկանի գրասենյակային շենքի շինարարությունը։ Շենքի ճակատին տեղադրվել է 1182 արևային վահանակ։ Սակայն նոր նախագիծն էապես տարբերվում է իր մասշտաբով։ Bourke Street-ում տեղադրված համակարգի առավելագույն հզորությունը հասնում է 375 կիլովատի, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է Spencer Street-ի շենքի ճակատային արևային կայանքի հայտարարված հզորությունը։ Ընդ որում, այն տեղադրված է 48-հարկանի երկնաքերի, այլ ոչ թե ութհարկանի շենքի վրա։
Նախագիծը ցուցադրում է ուղղահայաց արևային կայանքների լայնածավալ կիրառման հնարավորությունները և ցույց տալիս, թե ինչպես կարող են ապագայի երկնաքերերի ճակատները պասիվ արտաքին թաղանթից վերածվել էլեկտրաէներգիայի արտադրության ակտիվ համակարգերի։





























