ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ ստորագրել է երկու կուսակցությունների աջակցությունը ստացած Common Cents Act օրենքը, որը դաշնային կառավարությանը պաշտոնապես պարտավորեցնում է դադարեցնել մեկցենտանոց մետաղադրամների՝ պեննիների հատումը, հայտնում է NBC News-ը։

Ներկայացուցիչների պալատն ու Սենատը փաստաթուղթը հավանության են արժանացրել առանց անվանական հաշվարկի քվեարկությամբ, ինչը վկայում է նախաձեռնության նկատմամբ զգալի դիմադրության բացակայության մասին։

Օրինագծի հեղինակ, Միչիգան նահանգը ներկայացնող հանրապետական Լիզա Մաքքլեյնը սեպտեմբերի 29-ին X սոցիալական ցանցում հայտարարել է, որ մեկ մետաղադրամի արտադրությունն արժենում է գրեթե չորս ցենտ։

«Այս օրենքը թույլ կտա տարեկան խնայել 85 մլն դոլար՝ ընդմիշտ դադարեցնելով պեննիների արտադրությունը։ Սա պարզապես ողջախոհություն է»,- գրել է նա Սենատի կողմից փաստաթղթի հավանության արժանանալուն հաջորդած օրը։

2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ կառավարությունն արդեն դադարեցրել էր պեննիների թողարկումը։ Դա տեղի էր ունեցել ինն ամիս անց այն բանից, երբ Թրամփը ֆինանսների նախարարությանը կոչ էր արել դադարեցնել արտադրությունը՝ այն որակելով վատնում։ Միաժամանակ ԱՄՆ դրամահատարանը հայտնել էր, որ կշարունակի սահմանափակ քանակով թողարկել մետաղադրամի հավաքածուային տարբերակները։

Դրամահատարանի գնահատմամբ՝ պեննիների հատումից հրաժարվելու շնորհիվ սկզբնական շրջանում տարեկան կտրվածքով կխնայվի 56 մլն դոլար։

Նոր միջոցառումը չի վերացնում մեկցենտանոց մետաղադրամի՝ օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Պեննիները նախկինի պես կարելի է օգտագործել պարտքերը, հարկերը և այլ պարտադիր վճարումները մարելու համար։ Ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Դաշնային պահուստային համակարգը կշարունակի առկա մետաղադրամները՝ շուրջ 114 մլրդ հատ, կրկին շրջանառության մեջ դնել այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի։

Օրենքը նաև սահմանում է խանութներում և կանխիկ ընդունող այլ ձեռնարկություններում գների կլորացման կարգը։ Վճարման ենթակա գումարները կկլորացվեն մինչև հինգ ցենտի բազմապատիկ մոտակա արժեքը։

Պեննիների թողարկման դադարեցումից հետո ԱՄՆ դրամահատարանի թողարկած ամենափոքր անվանական արժեքով մետաղադրամը մնում է հինգցենտանոցը՝ նիկելը։ Նոր օրենքը թույլ է տալիս այն պատրաստել ցինկի ներքին և նիկելի արտաքին շերտերով՝ ներկայում օգտագործվող նիկելի ու պղնձի համադրության փոխարեն, որի արտադրությունն ավելի թանկ է արժենում։

ԱՄՆ-ում պեննիի պատմությունը գրեթե 240 տարվա վաղեմություն ունի։ Մետաղադրամների հատման մասին օրենքը Կոնգրեսն ընդունել է 1792 թվականին, իսկ պեննիների թողարկումն սկսվել է հաջորդ տարի։

Այս անվանական արժեքով առաջին մետաղադրամի վրա, որը հատվել է 1787 թվականին, պատկերված էր Բենջամին Ֆրանկլինի ստեղծած արևային ժամացույցը։ Արտադրությունն ԱՄՆ դրամահատարանին փոխանցվելուց հետո ձևավորումը փոխվել է. մի կողմում հայտնվել է Ազատությունը մարմնավորող կին, իսկ մյուս կողմում՝ 15 օղակից բաղկացած շղթա։

1857 թվականին պեննիի չափը փոքրացրել են, իսկ մետաղադրամը զարդարել թռչող արծվի և պսակի պատկերներով։ Այդ ժամանակ փոխվել է նաև մետաղի բաղադրությունը. մաքուր պղնձի փոխարեն սկսել են օգտագործել 88% պղնձից և 12% նիկելից բաղկացած համաձուլվածք։ Երկու տարի անց մետաղադրամի վրա հայտնվել է «Հնդկացու գլուխ» անվամբ հայտնի կիսադեմը։

Պեննին իր ժամանակակից տեսքն ստացել է 1909 թվականին, երբ դրա վրա տեղադրվել է նախագահ Աբրահամ Լինքոլնի դիմանկարը։ Դիզայնի վերջին նոր տարբերակը դրամահատարանը ներկայացրել է 2010 թվականին. դարձերեսին հայտնվել է վահան, որը խորհրդանշում է Լինքոլնի կողմից Միացյալ Նահանգները որպես միասնական երկիր պահպանելը։