Գերմանիայի բնակիչների գրեթե կեսը կողմ է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական, ռազմական և մարդասիրական օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը։ Այս մասին են վկայում նոյեմբերի 13-ից 16-ը Welt am Sonntag թերթի պատվերով YouGov-ի անցկացրած հարցման արդյունքները։

Ըստ հետազոտության՝ հարցվածների 25%-ը կարծում է, որ Բեռլինը պետք է ամբողջությամբ դադարեցնի Ուկրաինային աջակցությունը, ևս 24%-ը կողմ է դրա կրճատմանը։

Միևնույն ժամանակ հարցվածների 30%-ը ցանկանում է օգնությունը պահպանել ներկայիս մակարդակում, իսկ 9%-ը՝ ավելացնել այն։ Եվս 11%-ը չի կողմնորոշվել իր դիրքորոշման հարցում։

Հարցման արդյունքները հրապարակվել են հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական շարունակվող ջանքերի ֆոնին։ Այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպում է անցկացրել Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք ընդգրկված են այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայում»։ Բանակցությունների նպատակն էր պահպանել եվրոպական երկրների միասնությունը խաղաղ կարգավորման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։