ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) հարկատուների միջոցներից ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել միգրանտներին պահելու համար հսկայական պահեստային տարածքներ գնելու վրա՝ որոշ օբյեկտների համար վճարելով դրանց գնահատված արժեքից մի քանի անգամ ավելի, հայտնում է NBC News-ը։

Բացի այդ, գերատեսչությունն ամեն ամիս շուրջ 13 մլն դոլար է ծախսել վերջերս ձեռք բերված՝ ձերբակալվածների պահման հինգ կենտրոնների չզբաղեցված տեղերի համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Հաշվեքննիչ պալատի (GAO) նոր զեկույցում։

Աուդիտորների տվյալներով՝ ICE-ը ինը պահեստի համար վճարել է դրանց գնահատված արժեքից ավելի քան 50%-ով ավելի։ Երեք օբյեկտի համար գերատեսչությունը վճարել է դրանց գնահատված արժեքի ավելի քան եռապատիկը։ Օրինակ՝ Միչիգան նահանգում պահեստը գնել է ավելի քան 34 մլն դոլարով՝ դրա գնահատված արժեքից գրեթե հինգ անգամ թանկ։

Մոտ մեկ տարի առաջ ICE-ը սկսել էր խոշոր պահեստներ գնելու ծրագիր մշակել, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր կլիներ պահել մինչև 8 հազար ձերբակալված միգրանտի։ Սակայն նախաձեռնությունը բախվել է տեղական իշխանությունների, իրավապաշտպանների և որոշ հանրապետական կոնգրեսականների դիմադրությանը։ Ատլանտայի արվարձան Սոշըլ Սըրքլ քաղաքում կենտրոնի կառուցման ծրագրերը հանգեցրել են դատական հայցի. տեղական իշխանությունները մտավախություն ունեին, որ օբյեկտի ծանրաբեռնվածությունը կգերազանցի քաղաքի կոյուղու համակարգի հնարավորությունները։

Մարտի վերջին ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հեռանալուց հետո գերատեսչությունը կասեցրել է ծրագիրը։ Զեկույցի համաձայն՝ առնվազն յոթ պահեստ այժմ վաճառքի է հանվել։

Աուդիտորներն այս նախաձեռնությունը բնութագրել են որպես խոշոր ներդրում, որն իրականացվել է հապճեպ և կարող է հանգեցնել միջոցների զգալի կորուստների։ Միաժամանակ ICE-ը պահման կենտրոնների կառավարման համար աշխատակիցների պակաս ունի. նախատեսված 87 հաստիքից 55-ը թափուր է։ Երաշխավորված վճարումների մասին համաձայնագրեր ունեցող հաստատություններում գերատեսչությունը միջին հաշվով օրական վճարել է ավելի քան 9 հազար չզբաղեցված տեղի համար։

Կենտրոնների ցանցի ընդլայնման ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հուլիսին Դոնալդ Թրամփի օրենքի ընդունումից հետո, որով նախատեսվում է մինչև 2029 թվականը ICE-ին հատկացնել 45 մլրդ դոլար։ Գերատեսչությունը քննադատության է ենթարկվել նաև Մինեսոտայում նախկին բանտը 495 մլն դոլարով գնելու համար, թեև մեկ տարի առաջ դրա սեփականատերն առաջարկել էր օբյեկտը նահանգի իշխանություններին վաճառել 75 մլն դոլարով։

ICE-ը համաձայնել է աուդիտորների առաջարկություններին՝ պարբերաբար թարմացնել ծախսերի ծրագրերը և մինչև օբյեկտների ձեռքբերումը գնահատել դրանց ամբողջական արժեքը։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է ուժեղացնել ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։