ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամ դեմ է քվեարկել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք դիվանագիտական աղբյուր։

Ոչ պաշտոնական քվեարկության ընթացքում Գրինսպանը ստացել է 10 կողմ և չորս դեմ ձայն։ Դեմ ձայներից երկուսը տվել են վետոյի իրավունք ունեցող՝ ԱԽ մշտական անդամները։ Այդ հնգյակում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Հայտնի չէ, թե կոնկրետ որ երկրներն են դեմ արտահայտվել Գրինսպանի թեկնածությանը, քանի որ քվեարկությունը գաղտնի է եղել։

Դիվանագետների խոսքով՝ քվեարկության արդյունքներն ուժեղացրել են այն մտավախությունները, որ մինչև գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ավարտը ՄԱԿ-ի նոր ղեկավարի ընտրությունը կարող է չկայանալ։ Գուտերեշը պաշտոնը կլքի դեկտեմբերի վերջին՝ պաշտոնավարման երկու ժամկետից հետո։

Գրինսպանը համարվում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարի առաջատարը։ Ոչ պաշտոնական քվեարկության նախորդ ութ փուլերից յոթում նա առաջ էր անցել մյուս յոթ հավակնորդներից։

ՄԱԿ-ում Գայանայի դեսպան Քերոլին Ռոդրիգես-Բիրկետը ստացել է երկու դեմ ձայն, իսկ Արգենտինայի թեկնածու Ռաֆայել Գրոսսին՝ երեք։

Ապագա գլխավոր քարտուղարը պետք է լուծի մի շարք լուրջ խնդիրներ՝ կապված շարունակվող պատերազմների, ՄԱԿ-ին տրամադրվող ամերիկյան ֆինանսավորման կրճատման և կազմակերպության քաղաքական ազդեցության թուլացման հետ։ Վաշինգտոնը դուրս է եկել ՄԱԿ-ի տասնյակ կառույցներից, ինչն ավելի է խորացրել 193 պետություն միավորող կազմակերպության դերի և նշանակության վերաբերյալ կասկածները։