Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք խոցելու և Օմանի Խասաբ նավահանգստի մատույցներում նավթատար լցանավի՝ ծովային ականների վրա պայթելու մասին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի մամուլի ծառայության տվյալներով՝ անօդաչուն վնասազերծվել և ոչնչացվել է շաբաթ վաղ առավոտյան՝ ՀՕՊ նոր արդիականացված համակարգի միջոցով։ Իրանական կողմը նշում է, որ սա երկրի զինված ուժերի կողմից խոցված արդեն 58-րդ ամերիկյան MQ-9-ն է։
MQ-9 Reaper-ը ամերիկյան անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է երկարատև հետախուզության և կետային հարվածներ հասցնելու համար։ Թեհրանի պնդմամբ՝ փետրվարի վերջին երկրի դեմ սկսված պատերազմի ընթացքում Իրանը բազմաթիվ անօդաչուներ է խոցել։
Բացի այդ, ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել են, որ ամերիկացի զինվորականների ուղեկցությամբ Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած նավթատար լցանավը Օմանի Խասաբ նավահանգստի մուտքի մոտ պայթել է ծովային ականների վրա։
Իրանցի զինվորականները նավի անձնակազմին մեղադրել են նեղուցով անցման կանոնները խախտելու և չթույլատրված երթուղի ընտրելու մեջ։ ԻՀՊԿ-ում նախազգուշացրել են, որ վերահսկելու են Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում գտնվող բոլոր նավերը և թույլ չեն տա խուսափել պատասխանատվությունից նրանց, ովքեր կխախտեն Իրանի սահմանած սահմանափակումները։
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերահսկում են ռազմավարական նշանակություն ունեցող այս շրջանի ռազմական ու ավիացիոն ակտիվությունը և մտադիր են կոշտ արձագանքել երկրի օդային տարածքի ցանկացած խախտման։





























