Mercedes-Benz-ն առաջին ավտոարտադրողն է, որը Գերմանիայի կարգավորող մարմիններից թույլտվություն է ստացել վարորդին աջակցող համակարգ կիրառելու համար։ Այն օգնում է քաղաքային բարդ փողոցներով ավելի արագ անցնել ամբողջ երթուղին։ Այս մասին հաղորդում է dpa-ն։
Գերմանիայի ավտոմոբիլային տրանսպորտի դաշնային վարչությունը (KBA) հավանություն է տվել MB.DRIVE ASSIST PRO համակարգին։ Այն աջակցում է վարորդին ամբողջ ուղևորության ընթացքում, այդ թվում՝ քաղաքային ինտենսիվ երթևեկության պայմաններում։
Ըստ SAE դասակարգման՝ համակարգը համապատասխանում է ավտոմատացման երկրորդ մակարդակին։ Այն կարող է ինքնուրույն կառավարել ղեկը, արագացումն ու արգելակումը, սակայն վարորդը պետք է մշտապես հետևի երթևեկությանը և ցանկացած պահի պատրաստ լինի ստանձնելու կառավարումը։
Ակնկալվում է, որ համաձայնեցված կանոններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարին։ Սա Mercedes-Benz-ին հնարավորություն կտա տեխնոլոգիան ներդնել նաև այն շուկաներում, որտեղ կգործեն համապատասխան նորմերը։
2026 թվականի դեկտեմբերին ընկերությունը նախատեսում է Շտուտգարտում և Մյունխենում ընտրված հաճախորդներին համակարգից օգտվելու վաղ հնարավորություն տրամադրել։ Նրանք կկարողանան այն փորձարկել իրական պայմաններում և կիսվել իրենց տպավորություններով։
Գերմանիայում համակարգի ավելի լայն հասանելիությունը նախատեսվում է ապահովել 2027 թվականի առաջին կեսին։ Տեխնոլոգիան հասանելի կլինի մարդատար ավտոմեքենաների և ֆուրգոնների համար՝ անկախ շարժիչի տեսակից։ Համատեղելի մոդելների սեփականատերերը նոր գործառույթները կստանան ծրագրային ապահովման անլար թարմացման միջոցով։





























