Ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին, Վիետնամը վերացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ հանցագործությունների համար նախատեսված մահապատիժը։ Այս մասին հայտնում է Channel News Asia-ն։
Քրեական օրենսգրքի վերանայումից հետո պատժի բարձրագույն չափը կկիրառվի միայն չորս տեսակի հանցագործությունների դեպքում։
Վիետնամում մահապատիժն իրականացվում է մահացու ներարկման միջոցով․ այս եղանակը 2013 թվականին փոխարինել է գնդակահարությանը։ Իշխանությունները, սակայն, երբեք չեն հրապարակել մահապատժի ենթարկվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ։
Amnesty International-ի գնահատմամբ՝ 2023 թվականի վերջին երկրում ավելի քան 1200 մարդ սպասում էր մահապատժի։ Իսկ սեպտեմբերին, ըստ լրատվամիջոցների, 11 մարդ մահապատժի էր դատապարտվել Ֆրանսիայից Վիետնամ թմրամիջոցների մաքսանենգության համար։
Ազգային ժողովի ընդունած փոփոխություններով մահապատիժը պահպանվում է միայն պետական դավաճանության, սպանության, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի արտադրության համար։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից բացի՝ մահապատժով պատժվող հանցագործությունների ցանկից հանվել են նաև մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունները, խռովությունը, ինչպես նաև անչափահասի բռնաբարությունը։ Այսուհետ դրանց համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
Վիետնամը հետևողականորեն կրճատում է այն հանցագործությունների թիվը, որոնց համար կիրառվում է մահապատիժ։ Համեմատության համար՝ 1985 թվականի քրեական օրենսգրքով այն նախատեսված էր 44 տեսակի հանցագործությունների համար։
Ավելի վաղ որոշ պատգամավորներ դեմ էին արտահայտվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մահապատժի վերացմանը։ Սակայն հասարակական անվտանգության նախարար Լիոնգ Թամ Քուանգը նշել է, որ առկա տվյալներով՝ այդ գործունեության մեջ ներգրավված անձանցից ոմանք «ներգրավվել են խաբեությամբ, մոլորեցվել կամ հարկադրվել են»։
«Նրանք դեռ կարող են ուղղվել, վերադաստիարակվել ու հնարավորություն ստանալ՝ քավելու իրենց արարքները»,– ասել է նախարարը։
«Ուստի նրանց մահապատժի դատապարտելու կարիք չկա»,– հավելել է նա։





























