Air Niugini ավիաընկերության՝ Հոնկոնգից Պապուա Նոր Գվինեա թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ֆիլիպինների հարավում՝ շարժիչի հնարավոր բռնկման մասին ազդանշանի պատճառով։ Օդանավում 146 մարդ է եղել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտնել են, որ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի տուժել։

Boeing 767-383ER օդանավում եղել է 137 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Դավաո քաղաքի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո նրանք ինքնաթիռը լքել են փչովի վթարային սանդուղքներով։

Ֆիլիպինների ավիացիոն գերատեսչության ներկայացուցիչ Էրիկ Ապոլոնիոյի խոսքով՝ օդաչուները ազդանշան են ստացել աջ շարժիչում հնարավոր կայծերի կամ բռնկման մասին։ Անձնակազմն իրականացրել է անվտանգության անհրաժեշտ ընթացակարգերը և կեսգիշերից կարճ ժամանակ անց արտահերթ վայրէջք է խնդրել Դավաոյում։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Մասնավորապես՝ մասնագետները կուսումնասիրեն օդաչուների բացատրությունները։ Հրապարակման պահին ինքնաթիռի վնասվածքների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Վայրէջքից հետո ուղևորներին և անձնակազմի անդամներին տեղափոխել են օդանավակայանի տերմինալ, որտեղ նրանց օգնություն են ցուցաբերել և տեղավորել հյուրանոցներում։

Արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում Դավաոյի օդանավակայանը փակվել է մյուս չվերթների համար, ինչի պատճառով չեղարկվել են դեպի քաղաք ուղևորվող երկու ներքին չվերթները։ Հիմնական թռիչքուղու անվտանգությունը ստուգելուց հետո օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը։