ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շարունակվում են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղները։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։

Վերջին երկու օրվա ընթացքում որոշ շրջաններում տեղումների քանակը գերազանցել է 60 սմ-ը, ինչի հետևանքով անհրաժեշտ է եղել իրականացնել հարյուրավոր փրկարարական գործողություններ։ Հեղեղումների վտանգը դեռևս պահպանվում է։

Բրևարդ շրջանում փրկարարները հեղեղված տարածքներից մարդկանց տարհանման ավելի քան 100 գործողություն են իրականացրել, որոնց զգալի մասը՝ Կոկոա քաղաքում։ Սենթ Ջոնս գետում ջրի մակարդակը բարձրացել է 5,5 մետրից՝ գերազանցելով 70 տարի առաջ սահմանված ռեկորդը։ Կանխատեսումների համաձայն՝ ուրբաթ երեկոյան այն կարող է հասնել 5,67 մետրի, ինչը գրեթե 30 սմ-ով բարձր է 1953 թվականի առավելագույն ցուցանիշից։ Ջրի ռեկորդային մակարդակը կարող է պահպանվել առնվազն մինչև հաջորդ երեքշաբթի։

Բրևարդ շրջանի շերիֆ Ուեյն Այվիի խոսքով՝ չնայած զգալի նյութական վնասին, վնասված ավտոմեքենաներին և ջրի տակ անցած ձեռնարկություններին, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, իսկ տուժածների թիվը փոքր է։

Մելբուռնում նոյեմբերն արդեն դարձել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաանձրևոտը. այս ամիս այնտեղ ավելի քան 43 սմ տեղում է գրանցվել։ Կանավերալ հրվանդանի շրջանում վերջին 48 ժամում տեղացել է շուրջ 68 սմ անձրև։ Պալմ Բեյ քաղաքում հեղեղի ջրերն այս ամիս արդեն երկրորդ անգամ քանդել են Պորտ Մալաբար բուլվարի կամրջի մի հատվածը, որը վերանորոգումից հետո հանդիսավորությամբ բացվել էր ընդամենը երկուշաբթի օրը։

Հնարավոր ջրհեղեղների մասին նախազգուշացումը գործում է Ֆլորիդայի ողջ արևելյան ափամերձ գոտում։ Ուրբաթ օրը սպասվում էր ևս 15–20 սմ տեղում։

Այնուհետև փոթորիկը կշարժվի դեպի հյուսիս՝ ԱՄՆ արևելյան ափի երկայնքով՝ հասնելով Հյուսիսային և Հարավային Կարոլինաներ, իսկ կիրակի օրը կարող է ձեռք բերել արևադարձային փոթորկի որոշ հատկանիշներ։ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության գնահատմամբ՝ 50% հավանականություն կա, որ այն կստանա «Քայլ» մերձարևադարձային փոթորիկ անվանումը։