Անգլիական Բարնհեմ գյուղի բնակիչները շաբաթ օրը մասնակցում են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու խորհրդանշական հանրաքվեի՝ այդ կերպ բողոքելով մոտակա նախկին ռազմաբազայում ապաստան հայցողներին տեղավորելու՝ կառավարության ծրագրերի դեմ։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն դիտարկում է Սաֆոլկ կոմսությունում գտնվող նախկին RAF Barnham ավիաբազայի տարածքում մինչև 931 միգրանտ տեղավորելու հնարավորությունը։ Ի սկզբանե նախատեսվում էր այնտեղ տեղավորել 1250 մարդու։ Խոսքը 18-ից 65 տարեկան տղամարդկանց մասին է, որոնց թույլատրվելու է լքել տարածքը։

Իշխանությունները մտադիր են նախկին ռազմական օբյեկտներն օգտագործել ապաստան հայցողներին հյուրանոցներից տեղափոխելու համար։ Մարտի տվյալներով՝ բրիտանական հյուրանոցներում բնակվում էր 20 885 մարդ, որոնք սպասում էին իրենց դիմումների պատասխանին, իսկ ևս 72 768-ը գտնվում էր այլ կացարաններում։

Բարնհեմում կենտրոն ստեղծելու ծրագրերը բողոքի ալիք են բարձրացրել տեղի բնակիչների և միգրանտներին ապաստան տրամադրելուն դեմ հանդես եկող խմբերի շրջանում։ Նախագծի համար արդեն հատկացվել է 3,4 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ միջուկային զենքի նախկին պահեստի տարածքում ճամբարի նախագծմամբ զբաղվելու է Kier շինարարական ընկերությունը։ Նախագծի հաստատման դեպքում օբյեկտի անվտանգությունն ապահովվելու է շուրջօրյա։

Քվեարկությունն անցկացվում է տեղի համայնքային կենտրոնում՝ Գրինվիչի ժամանակով ժամը 10:00-ից 16:00-ն։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ դրան կմասնակցի մինչև 500 մարդ։ Ձայների հաշվարկը կսկսվի տեղամասի փակումից հետո, իսկ արդյունքներն ակնկալվում են 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում։

Միևնույն ժամանակ գյուղը Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու որևէ օրինական մեխանիզմ չունի, ուստի հանրաքվեն կրում է բացառապես խորհրդանշական բնույթ։

Նմանատիպ քվեարկություն էր անցկացվել նաև սեպտեմբերին՝ Օքսֆորդշիր կոմսության Փիդինգթոն գյուղում։ Այնտեղ 312 քվեարկողից 285-ը կողմ էր արտահայտվել խորհրդանշական անկախության հռչակմանը՝ բողոքելով հարևան ռազմաբազայում մինչև 1256 ապաստան հայցող տեղավորելու ծրագրերի դեմ։

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բարնհեմի նախագծի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Գերատեսչությունը մտադիր է փակել ապաստան հայցողների համար օգտագործվող բոլոր հյուրանոցները և մարդկանց տեղափոխել այլընտրանքային կացարաններ, այդ թվում՝ նախկին ռազմական օբյեկտներ։