Մեքսիկացի զինվորականներն ԱՄՆ-ի աջակցությամբ ձերբակալել են Չապո Իսիդրո մականունով հայտնի Ֆաուստո Իսիդրո Մեսա Ֆլորեսին, հայտնում է New York Post-ը։ ՀԴԲ-ն նրան ընդգրկել էր ամենահետախուզվող տասը անձանց ցուցակում։

Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ զինվորականները գործողությունն իրականացրել են ուրբաթ երեկոյան՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինալոա նահանգում։ Գործողության ընթացքում զինվորականների և թմրակարտելի ենթադրյալ անդամների միջև զինված բախումներ են տեղի ունեցել։

Չապո Իսիդրո մականունով հայտնի Ֆաուստո Իսիդրո Մեսա Ֆլորես

Նախարարության տվյալներով՝ Մեսա Ֆլորեսը սպասում է ԱՄՆ-ին արտահանձնմանը, որտեղ նրան մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Նա համարվում է Սինալոայում գործող Meza-Flores անդրազգային հանցավոր կազմակերպության ղեկավարը։

Նրա հետ զինվորականները ձերբակալել են նաև նրա ենթադրյալ տեղակալին՝ Սերաֆին մականունով հայտնի անձին, և խմբավորման ենթադրյալ ֆինանսական օպերատոր Խոսե N-ին։

Մեսա Ֆլորեսն ավելի քան տասը տարի թաքնվում էր իրավապահներից։ ՀԴԲ-ն նրա ձերբակալությանը նպաստող տեղեկության համար խոստացել էր 5 միլիոն դոլարի պարգևավճար։

ԱՄՆ իշխանությունները նրան մեղադրում են մեթամֆետամինի, կոկաինի, հերոինի և մարիխուանայի խոշոր խմբաքանակներ ԱՄՆ մատակարարելու, ինչպես նաև հրազենն ապօրինի օգտագործելու և պահելու մեջ։

Ձերբակալության ժամանակ Գուասավե համայնքում հանցավոր խմբավորման ենթադրյալ անդամները հարձակվել են դաշնային ուժայինների վրա։ Բախումների ընթացքում երկու ռազմական ուղղաթիռ կրակ են բացել կասկածյալների ուղղությամբ, իսկ բնակիչները ստիպված պատսպարվել են։ Իշխանությունները նրանց կոչ են արել մնալ շենքերի ներսում և խուսափել վտանգավոր շրջաններից։

Բռնությունը խաթարել է նաև մարզական միջոցառումները։ «Կուրոդա պարկ» մարզադաշտում «Ալգոդոներոս դե Գուասավե» և «Վենադոս դե Մասատլան» թիմերի բեյսբոլի խաղի ժամանակ կրակոցներ են լսվել։ Խաղացողները նետվել են դեպի պահեստայինների նստարանները, իսկ հանդիսականները սկսել են լքել տրիբունաները։

Կազմակերպիչները չեղարկել են խաղը։ Լիգան ընդգծել է, որ բախումները տեղի են ունեցել մարզադաշտի տարածքից դուրս։

Associated Press-ի հաղորդմամբ՝ խմբավորման ենթադրյալ անդամները մի քանի մայրուղիներում բեռնատարներ են հրկիզել և դրանցով փակել երթևեկությունը։ Նրանք այդպես դժվարացրել են 300 հազար բնակիչ ունեցող Գուասավե քաղաք մուտք գործելու հնարավորությունը։

Իշխանությունները նախատեսում էին Մեսա Ֆլորեսին տեղափոխել Մեխիկո և հանձնել դատախազությանը։ ԱՄՆ իշխանությունները նրա ղեկավարած խմբավորմանը կապում են նաև Սինալոա նահանգում իրավապահների և մրցակից կարտելների անդամների սպանությունների հետ։