Լեհաստանի օդային տարածքի պաշտպանության գիշերային գործողության ընթացքում շվեդական JAS Gripen կործանիչը փորձել է որսալ մի օբյեկտ, որը նախնական տվյալներով նույնականացվել է որպես ռուսական Խ-101 թևավոր հրթիռ։ Այս մասին գրում է Rzeczpospolita-ն։

Սակայն օդաչուն չի կարողացել նույնականացնել թիրախը ո՛չ տեսողականորեն, ո՛չ էլ օդանավի օպտիկաէլեկտրոնային համակարգերի միջոցով և կրակ չի բացել՝ չնայած զենք կիրառելու համար ՆԱՏՕ-ից ստացված թույլտվությանը։ Այս մասին հայտնել է գեներալ Իրենեուշ Նովակը։

Նրա խոսքով՝ որսմանը խանգարել են «չափազանց բարդ եղանակային պայմաններն» ու սահմանափակ տեսանելիությունը։

Շվեդական երկու Gripen կործանիչները գործել են Գերմանիայի Ուդեմ քաղաքում տեղակայված՝ ՆԱՏՕ-ի օդային գործողությունների միացյալ կենտրոնի (CAOC) ղեկավարությամբ։ Կենտրոնը պատասխանատու է Եվրոպայի այս հատվածում իրականացվող օդային գործողությունների համար։ Այն օդաչուներին տվել է այսպես կոչված «condition-based order»՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում օբյեկտը ոչնչացնելու որոշումն ինքնուրույն կայացնելու թույլտվություն։

Նոյեմբերի 20-ի գիշերը շվեդական ռազմաօդային ուժերը մասնակցել են Լեհաստանի օդային տարածքի պաշտպանության բազմաժամյա գործողությանը՝ մի քանի անհայտ օբյեկտների հայտնաբերումից հետո։ Շվեդ զինվորականների տվյալներով՝ թռիչքներն անցել են բարդ պայմաններում, և մութն ընկնելուց հետո օդում լիցքավորման անհրաժեշտություն է առաջացել։

Լեհաստանի ռազմական հրամանատարության հաղորդմամբ՝ զինվորականները հետևել են 11 օբյեկտի, որոնք հնարավոր սպառնալիք են ներկայացրել երկրի օդային տարածքի համար։ Դրանցից երեքը հատել են Լեհաստանի սահմանը, սակայն, գեներալ Նովակի խոսքով, զոհեր և տուժածներ չկան։

Օդային տարածքի պաշտպանության համար օդ են բարձրացվել երկու լեհական F-16՝ Լասկի ավիաբազայից, և երկու շվեդական Gripen։ Գործողությանը մասնակցել են նաև Saab 340 հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռը, հոլանդական MRTT լիցքավորող ինքնաթիռը և ՀՕՊ ցամաքային համակարգերը։ Ավելի ուշ օդ են բարձրացվել նաև լրացուցիչ F-16-եր՝ Կշեսինի բազայից։

Սկզբում ռուսական ուժերը կիրառել են անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ արագընթաց ռեակտիվ սարքեր, իսկ այնուհետև՝ «Կալիբր» և Խ-101 թևավոր հրթիռներ։ Նովակի խոսքով՝ լեհական կողմը տիրապետել է հրթիռների արձակման վայրերի, քանակի և շարժման ուղղությունների մասին տվյալներին։ Զինվորականներն օգտագործել են նաև «Վիրաժ» համակարգով Ուկրաինայի փոխանցած տեղեկատվությունը։

«Ինչ վերաբերում է նրան, թե ով է կանգնած այս հարձակման հետևում, մենք այժմ որևէ կասկած չունենք»,– հայտարարել է գեներալը։